Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մինչև 18 տարեկանների անվճար բուժզնման համակարգն ինչպե՞ս է գործում (տեսանյութ)

Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հարց է բարձրաձնում այն մասին, թե մինչև 18 տարեկանների անվճար բուժզնման համակարգն ինչպե՞ս է գործում։ Պատգամավորը օրինակ է բերում, որ երեխային գիշերը հասցրել են հիվանդանոց և ուղեգիր չի ունեցել, ի՞նչ պետք է անել այդ պարագայում։

Հարցին պատասխանեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Մենք ավելացրել ենք հավելյալ բյուջետային եկամուտների հաշվին մի խումբ երեխաների՝ 7-18 տարեկան, որը նախկինում ընդգրկված չէին այն ծառայություններում, որոնք մատուցվում էին հիվանդանոցում և հիվանդանոցային պայմաններում։ Այսինքն՝ հիվանդանոցում, բայց ոչ ստացիոնար պայմաններում և ոչ հիվանդանոցի շենքի ներսում։ Սա կարևոր հանգամանք է, որովհետև հիվանադանոցում կարող են մատուցվել ամբուլատոր ծառայություններ և կոնսուլտացիա կարող է տեղի ունենալ հիվանդանոցում և ոչ թե պոլիկլինիկայում։ Մենք 0-ից 7-ի և 7-ից 18-ի տարբերությանը անդրադառնալու ենք ծրագրի սկզբի ամիսների վիճակագրությունը հավաքելուց հետո ու փորձելու ենք մեկ փաթեթ սարքել, որպեսզի տարբերություն չլինի 0-ից 7-ի և 7-ից 18-ի միջև, բայց այս պահի դրությամբ ավելացել է 7-ից 18 տարեկանների բուժօգնությունը հիվանդանոցային պայմաններում ստացիոնար բուժօգնության մասով, իսկ ամբուլատոր բուժօգնության մասով որևէ փոփոխություն չի եղել»։

Արսեն Թորոսյանը հարկ է համարում նշել, որ եթե, օրինակ 10 տարեկան երեխային ցանկանում են տանել իրենց նախընտրած հիվանդանոցը, և ոչ թե տեղամասային պոլիկլինիկա, ապա ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պետք է վճարեն։ «Բայց, եթե այդ նույն 10 տարեկան երեխային կարիք լինի նյարդաբանական բաժանմունքում ստացիոնար բուժօգնություն ցուցաբերել, այդ դեպքում 10 տարեկան երեխան չի վճարի»,- հստակեցրեց նախարարը։