Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՍԴ որոշումը պարտադիր է և՛ դատական մարմինների, և՛ գործադիր իշխանության, և՛ բոլորի համար ․ Քոչարյանի փաստաբան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը մեկնաբանեց իր պաշտպանյալի դիմումի վերաբերյալ Սահամանադրական դատարանի որոշումը։

Վարդևանյանի խոսքով՝ ՍԴ-ն որոշել է, որ առաջին մասով խախտվել է Քոչարյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձնական ազատության իրավունքը։ «Տվյալ դեպքում երկրորդ նախագահի ազատությունը, կարծում եմ, բոլորդ քաջատեղյակ եք, որ սահամանափակվել է և սահմանափակվում է ներկայումս։ Դրանով իսկ հակասում է ՀՀ Սահմանադրությանը»,- մանրամասնեց նա։

Փաստաբանը հավելեց, որ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածները նախատեսում են արդար դատաքննության իրավունքը, իսկ 78-րդը՝ ընթացակարգային և կառուցակարգային երաշխիքներին և որոշակիությանը։ «Քրեական օրենսգրքում չկա որևիցե նորմ, որ կկարգավորեր նման կարգավիճակով օժտված անձի, արդար դատաքննության ընթացքում, երբ խոսքն իր խափանման միջոցի մասին է»։

Պետք է նկատել, որ փաստաբանի խոսքով,  35-րդ հոդվածն ընդհանուր նորմ է, իսկ 135-րդ հոդվածն ավելի նեղ կարգավորում է նախատեսում, բայց 135-րդ հոդվածը և 35-րդ հոդվածը միմյանց լրացնող հոդվածներ են, և չեն կարող կիրառվել միմյանցից առանձին։

Ավելի պարզ իրավաբանն ասաց, որ հոդվածները վերաբերում են քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, որոնք պարտադիր կերպով հաշվի են առնվում կալանավորում տալիս․ «Կալանավորումը, որը կիրառվել է մի քանի անգամ երկրորդ նախագահի նկատմամբ, խախտել է վերջինիս անձնական ազատության իրավունքը»։

Լրագրողի հարցին, որ եթե ՍԴ-ն 35-րդ հոդվածը ճանաչել է հակասահմանադրական, չի ստացվո՞ւմ, որ քրեական հետապնդում չպետք է սկսվեր Քոչարյանի նկատմամբ, նա պատասխանեց, որ  այդ հարցին հնարավոր կլինի պատասխանել որոշմանը ծանոթանալուց հետո։ «Կալանքը, երբ կիրառվում է, եթե կա անձեռնմխելիության առերևույթ խնդիր, ոչ թե քրեական հետապնդումն այդ պահին բացառվում է, կարճվում է, այլ կալանքը պարզապես չի կարող կիրառվել»,- ավելացրեց Արամ Վարդևանյանը։

Եթե Բարձր դատարանը, նրա խոսքով, արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է կալանավորումը չի կարող լինել իրավաչափ։

Վարդևանյանը հաստատեց փաստաբանական խմբի մեկ այլ անդամ Հայկ Ալումյանի այն պնդումը, որ ՍԴ որոշումը հնարավորություն է տալիս վերանայել Քոչարյանի գործով նախկինում կայացված որոշումները։

«Ընթացակարգը հետևյալն է․ ՍԴ որոշումը պարտադիր է և՛ դատական մարմինների համար, և՛ գործադիր իշխանության համար, և՛ բոլորի համար։ Եվ Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի արարք է առհասարակ»,- ընդգծեց սահմանադրագետը։

Քոչարյանի խափանման միջոցի վերանայման հարցը, նրա փոխանցմամբ, կարող է լինել երկու տարբերակով․ առաջին՝  քրեակատարողական ծառայության կողմից, երկրորդ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից, այս դրությամբ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից։ Խոսելով ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքների վերաբերյալ հարցին՝ իրավաբանն ասաց, որ դրանք գիտական կարևոր կարծիքներ են, սակայն Քոչարյանի գործի վրա որևէ այլ ազդեցություն չունեն։