Բացել լրահոսը Փակել լրահոսը
դգըֆվռբգվօա
A A
Հասարակություն

Թիվ 16 հատուկ դպրոցը կփակվի՞ (տեսանյութ)

Երևանի թիվ 16 հատուկ դպրոցը փակվում է. տնօրինությունն այդ մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից բանավոր ծանուցում է ստացել։ Դպրոցի տնօրեն Մարիամ Շոլինյանն ասում է, որ նոր ուսումնական տարին սկսելուց միայն 2 օր առաջ են իրենց տեղեկացրել, որ պետք է փակվի․ նախքան այդ խոսակցություններ են եղել դպրոցի՝ հանրակրթականի վերափոխելու մասին։ Այս տարի դպրոցում առաջին դասարանցիների ընդունելություն էլ չի եղել, իսկ 170 աշակերտներին, ըստ բանավոր ծանուցման, պետք է տեղափոխեն այլ դպրոցներ։ Տնօրենն ասում է, որ դիմել է համապատասխան մարմիններ՝ հասկանալու համար, թե ինչ պետք է անի։

«Պատասխան եմ ստացել՝ քանի որ ձեր դպրոցը ստուգվել է, և երեխաները «հատուկին» չեն համապատասխանում․ 170-ից 19-ն են համապատասխանում։ Ի դեպ, միջանկյալ ասեմ՝ 50 տարի էդպես է եղել՝ համապատասխանել է, հիմա եկավ, էս պահին չհամապատասխանեց։ Եթե անգամ չի համապատասխանում, ժամանակ տվեք՝ թերությունները շտկելու, կամ եթե մեր բոլոր երեխաները սովորական  դպրոցի երեխա են, իրենց դպրոցում սովորում են, սարքեք սովորական, թող սովորեն, ինչի՞ եք մարդկանց բոլորին խառնել իրար»,- ասում է դպրոցի տնօրենը։

Ծնողները նույնպես դեմ են դպրոցի փակմանը։ Նշում են՝ երեխաներից շատերը չեն կարող սովորել հանրակրթական դպրոցներում, քանի որ մտավոր տարբեր խնդիրներ ունեն։

Նրանց խոսքով՝ շաբաթվա 5 օրերին գոնե երեխաներն ապահով ձեռքերում են լինում, իսկ եթե փակվի, իրենք չգիտեն՝ ինչ պետք է անեն։ Հանրակրթական դպրոց տեղափոխել նույնպես չեն կարող, երեխաները դասերից հետո առանց խնամքի են մնալու։

Երեխաներն էլ նշում են, որ արդեն հարմարվել են միջավայրին և չեն ցանկանում տեղափոխվել այլ դպրոց։