Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131557
A A
Մշակույթ

Հաճելի չէ ինքդ քեզնով հայելու մեջ հիանալ․ Տիգրան Մանսուրյանը՝ ինքն իր երաժշտությունը լսելու մասին (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անկեղծանում է ՝ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից  իրեն ավելի հոգեհարազատ է կինոերաժշտությունը։  

«Ամեն անգամ արտասվում եմ այդ  երաժշտության ժամանակ։ Նույնը նաև Ազգային ժողովի բակում էր, մի ձև զսպեցի ինձ»,- ասում է նա։

Թեև աշխարհում մաեստրոյին ճանաչում են այլ երաժշտությամբ, բայց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը եւս գերադասում է լսել Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։

«Այդ երաժշտությունը լսելիս մենք վերադառնում ենք մանկություն, իսկ մանկություն վերադառնալը միշտ հաճելի է, որովհետև մանկությունը ավելի անհոգ է, ավելի երջանիկ ես։ Այն ժամանակ մենք այդ երաժշտությամբ ապրել ենք։ Մեր կյանքի այդ հատվածը ասոցացվում է  մաեստոյի գրած երաժշտությամբ, բայց աշխարհում մաեստրոին ճանաչում են այլ երաժշտությամբ, որը մենք վատ գիտենք, կամ չգիտենք, և պետք է սովորենք լսել այդ երաժշտությունը»,- ընդգծում է նախարարը։

Ինքը՝ մաեստրոն, իր ստեղծագործությունների միջև խիստ տարբերություն չի դնում, ինչպես ինքն է նշում՝ բոլորն իր զավակներն են, որոնց սիրում է հանրությունը։

«Երբ որ անծանոթ մարդ էր գալիս մեր տուն, մայրս հարցնում էր՝ դուն իմ տղայիս կսիրե՞ս, ընկերս ասում էր՝ այո, կսիրեմ,  դե անանգ էլ ես էլ քեզի կսիրեմ, դե ուրեմն, եթե իմ երաժշտությունը սիրում են, ուրեմն ես էլ այդ սիրողներին եմ սիրում»,- պատմում է Տիգրան Մանսուրյանը։

Բացի այդ, մաեստրոն նշում է, որ իր ստեղծագործությունները կապված են  Հայաստանի ու հայ իրականության   հետ։

«Հետևաբար, դրանք սիրվեցին, որովհետև այս հողի ծնունդ են», - նկատում է կոմպոզիտորը։

Տիգրան Մանսուրյանը խոստովանում է՝ սովորություն չունի լսել իր գրած երաժշտությունը։ Չի ցանկանում վերադառնալ անցյալ։

«Ըստ երևույթին կա մի պարզ  բան, որ երբ լսում ես քո անցյալը, դու չես ուզում նրան հադիպել, որովհետև թերություններ ես նկատում,  հաճելի չէ ինքդ քեզնով հայելու մեջ հիանալ, տխուր բան է դա»,- ասում է նա։