Բացել լրահոսը Փակել լրահոսը
69278163_1351206245034212_2261661960539996160_n
A A
Հասարակություն

Ստեփանակերտի օդանավակայանը կրկին կհայտնվի բոլորի ուշադրության կենտրոնում

Օգոստոսի 24-ին Ստեփանակերտի օդանավակայանում տեղի կունենա 3-րդ ամենամյա «Արցախ Էյրֆեսթ» օդային փառատոնը:

«Ա1+»-ի հետ զրույցում Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը նշեց, որ փառատոնը իր բնույթով եզակի է ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում:

«Կարող եմ վստահաբար արձանագրել, որ այս երեք տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ Ստեփանակերտի օդանավակայանը կրկին հայտնվեց ինչպես բազմաթիվ տեղացիների, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում, նպաստեց Արցախում երիտասարդական կյանքի աշխուժացմանը և ստեղծեց մի հարթակ, որտեղ մենք կարող ենք բարձրաձայնել Արցախի փոքր ավիացիայի հեռանկարների մասին»,- ասաց Արտակ Գրիգորյանը՝ հավելելով, որ փառատոնը տարեցտարի մեծացնում է իր ծավալները և ճանաչողականությունը:

Անդրադառնալով փառատոնի ծրագրին՝ «Այս տարի օդային շոուի ժամանակ ցուցադրական թռիչքներ կիրականացնեն ЛК39 և CH701 տեսակի ինքնաթիռները, МИ8 ուղղաթիռը, օդապարիկներ և պարապլաններ: Նախատեսվում է նաև, որ Էջմիածնի ավիամոդելավորման դպրոցի աշակերտները կկազմակերպեն «օդային պատերազմներ»,-խոսելով փառատոնի ծրագրի մասին` տեղեկացրեց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի քաղաքացիական ավիացիայի բաժնի պետ Սամվել Թավադյանը:

Փառատոնն իր պատմության ընթացքում հանդիպել է բազմաթիվ խոչընդոտների, ասում է Արտակ Գրիգորյանը` ստանալով մեծ արձագանք, այդ թվում` հարևան երկրի կողմից: Միեւնույն ժամանակ՝ պարոն Գրիգորյանը վստահ է, որ «Արցախ Էյրֆեսթ»-ը մեծ պոտենցիալ ունի ավելի մեծանալու և դառնալու տարածաշրջանի ամենաճանաչված փառատոններից մեկը:

«Մեկնարկել ենք Արցախում, սակայն վստահ ենք, որ շուտով կկարողանանք ավելի տարածվել՝ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը ավելի գրավիչ դարձնելով օտարերկրյա զբոսաշրջիկների համար»:

Նշենք, որ «Արցախ Էյրֆեսթ»-ը կազմակերպում են Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության, Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունները՝ «Յելլ Էքսթրիմ Պարկ»-ի, «Սքայ Քլաբ-Պարագլայդինգ ին Արմենիա»-ի և «Սքայբոլ»-ի հետ համատեղ: