Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Բալայան
A A
Հասարակություն

Դատավոր Դավիթ Բալայանի գործը մակագրման փուլում է․ փաստաբան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների շրջափակման օրը Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ տեղի ունեցածի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման վերաբերյալ գործի քննությունը Վերաքննիչ դատարանում  դեռևս մակագրման փուլում է։ 

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Բալայանի փաստաբան Հրանտ Անանյանը։ Փաստաբանի խոսքով՝ մյուս շաբաթվա ընթացքում ամենայն հավանականությամբ հայտնի կդառնա, թե ում է մակագրվել որոշման բողոքարկման քննությունը։

Հիշեցնենք, որ 2019 թ․ մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյբուքյան էջում հայտարարություն էր տարածելկոչ անելով առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել «հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

«Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»,- նշել էլ գործադիր իշխանության ղեկավարը։

Մայիսի 20-ին փաստաբան Անանյանը գրավոր հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ 

«Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես  են այսօր առավոտյան՝ ժամը 09։00-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր դատական իշխանության ներկայացուցիչ Դավիթ Բալայանին խոչընդոտում մուտք գործել դատարանի շենք և կատարել ծառայողական պարտականությունները»։

Ըստ փաստաբանի՝ տեսանյութով ակնհայտ էր, որ Բալայանի նկատմամբ բռնություն է գործադրվել։ Սակայն Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Այնուհետև Անանյանը կրկին դիմել էր Դավթյանին վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր Հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, գնդապետ Արշալույս Մինասյանի՝ մայիսի 31-ին  քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և քրեական գործ հարուցել: