Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Կինոպրոդյուսերը ընկերների հետ հայկական կինոյի զարգացման «SOS-փաթեթ» է ներկայացրել իշխանություններին (տեսանյութ)

Կինոպրոդյուսեր, ՈՒՀԱ «ԵՐՄԻ» թիմի անդամ Արմեն Գրիգորյանը կինոյի ասպարեզ է մտել 2003-2004 թվականներին։ Արմեն Գրիգորյանի հետ «Ա1+»-ը զրուցել է հայկական կինոյի ու դրա զարգացման խոչընդոտների մասին։

Թե ինչո՞ւ վերջին տարիներին ֆիլմեր չեն նկարահանվում, կինոպրոդյուսերը հստակեցնում է՝ ըստ էության՝ վերջին 30 տարում կինո չի նկարահանվում։ Այն, ինչ նկարվում է, կինոպրոյեկտներ են։

«90-կաններին չնկարահանելու պատճառը հասկանալի էր, քանի որ երկրաշարժից ու պատերազմից հետո բնական էր, որ չէինք կարող կինոարտադրւթյուն ակնկալել։ Սակայն դրանից հետո մշտապես բոլորը միայն խոսում են հայկական կինոյի մասին, սակայն ոչ մեկին պետք չի լավ կինո նկարել, ոչ ոք չի ուզում»։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ պետությունը գումար է հատկացնում կինոյի համար, Արմեն Գրիգորյանն ասաց, որ այդ փողերը կինո նկարելու համար չեն հատկացրել։

«Նախորդ ռեժիմը ուրիշ հարցեր էր լուծում։ Կինոյին հատկացվող տարեկան բյուջեն մոտավորապես կազմում էր 2 միլիոն դոլարից մի քիչ քիչ։ Այդ փողը այս կամ այն ձևով գնում էր «կինոգործիչներին» նրանց մի քիչ-մի քիչ բաժանում էին, որ ընտրություններից առաջ կամ ընդհանրապես վատ ինտերվյու չտան կառավարության մասին»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքերով՝ այսօր կինովիդեոարտադրությունը, խոսքը մասամբ սերիալներին է վերաբերում, այնպիսի մեծ ազդեցություն ունի հանրությանն վրա, որն աննախադեպ է մարդկության պատմության մեջ։

«Ուկրաինայում Զելենսկին, սերիալ նկարելով, դարձավ նախագահ։ Համաշխարհային քաղաքագետները դա ընդունել են իբրև նոր երևույթ քաղաքագիտության մեջ, դա իրոք սենսացիոն երևույթ է»,- ասաց կինոպրոդյուսերը։

Նա տեղեկացրեց, որ ինքը, մի խումբ պրոֆեսիոնալների հետ, պատրաստել է «SOS-փաթեթ», որն, իրենց կարծիքով, ոչ միայն կստեղծի հայկական կինոն, նաև կբերի հաջողության։ Եվ այդ փաթթեն իրենք ներկայացրել են այսօրվա իշխանություններին։

«Հայկական կինոյի հաջողությունը նրանում չի, որ մեր հանրապետությունում մարդիկ գնան կինոթատրոն, կինո նայեն, մենք պիտի դուրս գանք համաշխարհային կինոշուկա։ Այդ բանի մասին ես խոսել եմ նախարարությունում և Աժ-ում, կլոր աչքերով ինձ են նայում։ Մտածում են՝ կա՛մ գիժ ա, կա՛մ տեսնես՝ որտե՞ղ է ուզում մեզ քցի։ Ո՛չ գիժ եմ, ոչ էլ ուզում եմ քցեմ»,- ասաց Արմեն Գրիգորյանը և տեղեկացրեց, որ Կաբարդայից 25 տարեկան մի ռեժիսոր այս տարի Կաննում ստացավ արծաթե մրցանակ՝ ընդամենը հինգ տարի առաջ հայտնի կինոռեժիսորի ստեղծած կուրսերի արդյունքում։

Նա նշեց, որ այն, ինչ իրենք են առաջարկում, «ոչ մի կոպեկ ավել բան պետք չի անել, ընդամենը պետք է այդ նույն կինոյին հատկացված գումարը ճիշտ ծախսել, և այդ փողը կավելանա»։