Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեղամ Պետրոսյան
A A
Հասարակություն

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը վաղն ազատ կարձակվի․ փաստաբան

«Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, զորքերի նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը վաղը, ժամը 15։00-16։00 սահմաններում ազատ կարձակվի Երևանի քաղաքում տեղակայված Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից, նշում է վերջինի փաստաբանը։

«Չի ներկայացվել միջնորդություն, իմ համոզմամբ, հնարավոր է և ներկայացվել է, համենայնդեպս ես չեմ ստացել։ Իսկ վաղն էլ օրը լրանում է․ ուզեն-չուզեն՝ պետք է բաց թողնեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը։

Խնդիրն այն է, պաշտպանի խոսքով, որ եթե հիմքեր լինեին, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն կներկայացներ։ «Բայց որ չի ներկայացրել, այն հիմնավորումները, ապացույցները, թե հանցագործություն տեղի չի ունեցել, ենթադրում եմ, որ դրանք արդեն իսկ ապացուցված են»,- նշեց Գևորգյանը։ 

Ըստ փաստաբանի՝ այս ազատ արձակումը միանշանակ կապ կունենա Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքով ներկայացված միջնորդության հետ․ «Եթե դատախազությունը հիմք ունենար, կմերժեր։ Ուրեմն ինչը որ ես ներկայացրել եմ, երևի թե վկայում է այն մասին, որ ճիշտ եմ եղել»։

Գևորգյանն ասաց, որ վաղը քննիչից վերցնելու է ազատ արձակման որոշումն ու ներկայացնելու է ԱԱԾ, իսկ Ծառայությունն իր հերթին չի մերժի իրեն։ «Պետրոսյանի հետ Խանջյանի կողմից դուրս կգանք»,- մանրամասնեց նա։

 Հարցին, թե Հրաչ Մուշեղյա՞նն է զանգահարել իրեն, թե՞ հակառակը, Պետրոսյանի պաշտպանն ասաց, որ ինքն է զանգահարել քննիչին և անկախ, թե ինչ կարծիք կունենա վերջինս, ինքը տիրապետում է Քրեական դատավարության օրենսգրքին և իրավակարգավորումներին։ «Ես զանգեցի, հարցրեցի, թե վաղն ինչ է լինելու, վաղը վերջին օրն է կալանքի ժամկետի ավարտի, ասաց՝ «Մենք Ձեզ տեղյակ կպահենք օրենքով սահմանված կարգով»»,- եզրափակեց փաստաբանը։    

Հիշեցնենք, որ ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետին հունիսի 6-ին մեղադրանք էր առաջադրվել  Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ «Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով»:

Մեկն օր անց՝ հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել էր  Հատուկ քննչական ծառայության՝ Պետրոսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։


Այնուհետև առաջին ատյանի որոշումը Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն դատարանը մերժել էր պաշտպանի բողոքը։

Հուլիսի 11-ին հայտնի էր դարձել , որ Պետրոսյանին պատկանող հաշվեցուցակային ատրճանակի մասով կատարված դատաձգաբանական փորձաքննության համաձայն՝ Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը բոլորովին այլ գնդակ էր եղել, այսինքն՝ նրան ամրակցված ատրճանակից կրակված գնդակները  որևէ կերպ համընկնում չէին ունեցել Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակի հետ։

Այս եզրակացությունից ելնելով՝ փաստաբանը ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Նշենք նաև, որ գլխավոր դատախազություն ներկայացված միջնորդության ընթացքին անդրադառնալով՝ հուլիսի 24-ին «Ա1+»-ի հետ զրույցում փաստաբանն ասել էր, որ դատախազությունը քննարկել է և եկել է այն համոզմունքին, որ մերժելու որևէ հիմնավոր հիմք չունի։ «Այսինքն՝ չի մերժել իմ բողոքը, այլ՝ բողոքի քննարկումը հետաձգել է մինչև մի քանի հանգամանքների վերջնական պարզումը։ Որից հետո վերջնական որոշում կկարողանա կայացնել»,- ընդգծել էր նա։

«Ա1+»-ի հետ զրույցում այս միջնորդության ընթացքի վերաբերյալ նշել էր նաև Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։