Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեղամ Պետրոսյան
A A
Հասարակություն

Ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետի գործով նոր քայլեր են կատարվել

«Մարտի 1»-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի գործը կարճելու միջնորդություն է ներկայացվել։

 «Armlur.am» լրատվականը գրել էր, որ Գեղամ Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանի հետ զրույցում տեղեկացել է, որ վերջինիս պաշտպանյալին  պատկանող հաշվեցուցակային ատրճանակի մասով կատարվել է  դատաձգաբանական փորձաքննություն։

Փորձաքննության եզրակացության համաձայն՝ Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը բոլորովին այլ գնդակ է, այսինքն՝ Գեղամ Պետրոսյանին ամրակցված ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որեւէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Հովհաննիսյանի մարմնում։

Փաստաբանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ հուլիսի 9-ին միջնորդություն է ներկայացրել դատախազությանը՝ Գեղամ Պետրոսյանի գործը կարճելու վերաբերյալ։ Գևորգյանն ասաց, որ մանրամասներ չի կարող հայտնել՝ ելնելով նախաքննական գաղտնիքից:

Հիշեցնենք, որ  2008 թվականին ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է «Մարտի»-ի զոհերից մեկի՝ Զաքարի Հովհաննիսյանի սպանության մեջ: Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով. «Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով»:

 Հունիսի 7-ին ներքին զորքերի նախկին շտաբի պետը ՀՔԾ քննիչի միջնորդությամբ 2 ամսով ձերբակալվել էր:

Փաստաբան Վաղարշակ Գևորգյանը դատարանում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գործով վկաներից մեկը դատարանում պատմել էր, թե 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ցուցարար Զաքար Հովհաննիսյանը հարձակվել է Գեղամ Պետրոսյանի վրա։ Վկայի խոսքով՝ Հովհաննիսյանը փորձել է հարվածել Պետրոսյանի գլխին, իսկ վերջինս իբր կրակել է։

Համաձայն վկայի ցուցմունքի՝ կա՛մ Զաքար Հովհանիսյանը պիտի հարվածեր Պետրոսյանին, կա՛մ վերջինս պետք է կրակեր։

Այս հարցով «Ա1+»-ը կապ հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի հետ: Նա ասաց, որ միջնորդությունը քննարկման փուլում է, և նախաքննական գաղտնիքից ելնելով՝ ավելին չի կարող ասել: