Բացել լրահոսը Փակել լրահոսը
67476414_483344922429617_3199040286583947264_n
A A
Մարզեր

Գյումրու վթարային շենքերը շարունակում են ինքնափլուզվել՝ սարսափի մեջ պահելով բնակիչներին

1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո Գյումրիում 88 վթարային շենք-շինություն կար։ Դրանք տարիների ընթացքում հատեցին վթարայինի սահմանն ու դարձան վթարավտանգ: Այսօր արդեն ոչ թե 88, այլ 92 վթարային բազմաբնակարան կա Գյումրիում՝ 1900 բնակարանով: Գյումրիից բացի՝ Շիրակի մարզի այլ բնակավայրերում եւս կան վթարային բնակելիներ, շենք-շինություններ: Մարզի տարբեր համայնքներում ահ ու սարսափով քնում-արթնանում է վթարավտանգ 22 շենքերում ապրող 470 ընտանիք:

Շենքերի վնասվածության աստիճանը թե ինչ դինամիկայով է փոխվել, որեւէ մեկը հստակ ասել չի կարող: Նեղ մասնագիտական եւ գործիքային հետազոտություն իրականացվել է 1998 թվականին:  2006 թվականին էլ կրկնակի հետազոտություն է կատարվել: Գյումրու ու Շիրակի մարզի ճոճվող, պատերն իրարից առանձնացած եւ անընդհատ ինքնափլուզվող շենքերի հիմնական մասին տրված է 3-րդ աստիճանի վթարայնության որակումը: 21 տարվա վաղեմություն ունեցող այս հետազոտությունը վաղուց է ժամկետանց: Նորի մասին, սակայն, խոսք անգամ չկա: Ոչ շենքերի սեյսմիկ անվտանգության ուսումնասիրության, վթարայնության աստիճանների որոշման, ոչ էլ, առավելեւս՝ դրանց ուժեղացման-ամրացման:

Վերջին անգամ Գյումրիում շենքեր ամրացվել են Լինսի հիմնադրամի ֆինանսական ներդրումներով՝ 2001-ից 2003 թվականներին: Այդ տարիներին ամրացվել է 2500 բազմաբնակարան: Դրանից հետո ոչ որեւէ հիմնադրամի, ոչ էլ կառավարության կողմից որեւէ ֆինանսական հատկացում չի եղել: Վթարայինները շարունակել եւ մինչ օրս շարունակում են  ինքնաքայքայվել, ինքնափլուզվել՝ սարսափի մեջ պահելով բնակիչներին: Դրան զուգահեռ Գյումրիում բնակարանաշինական ծրագիր է իրականացվել՝ անօթեւանների բնակապահովման խնդրի լուծման համար:

Միայն թե անօթեւանն ու վթարային շենքի բնակիչը բացարձակ տարբեր հասկացություններ ենԲայց դրանք տարբեր հասկացություններ էին տարիներ առաջ: Այսօր վթարայինի բնակիչն էլ է անօթեւանի կարգավիճակում: Իհարկե՝ փաստացի, ոչ փաստաթղթային ձեւակերպմամբ: Շատերն են հեռացել փլվող շենքերից եւ վարձակալած բնակարաններում են ապրում, նաեւ կան գյումրեցիներ, ովքեր  դուրս են եկել վթարայիններից եւ գերադասել են ապրել տնակներում:

Շիրակի մարզպետարանը 4-րդ աստիճանի վթարային 10 շենքի ճակատագիր է ներկայացրել կառավարության դատին: Նաեւ լուծում  է առաջրկվել: Օրինակ՝ Ամասիայի 25 փողոց 15 շենքի համար նպատակահարմար է բնակարանի գնման վկայագրի տրամադրումը:  

Եթե տարիներ առաջ հնարավոր էր ավելի քիչ գումարով այդ եւ նման շենքերն ամրացնել ու հանձնել բնակիչներին, այսօր արդեն պատկերն այլ էԳյումրիում եւս կան շինություններ, որոնք այլեւս ամրացման ենթակա չեն: Խոսքը Հանեսօղլյան 5 շենքի մասին է: 2015 թվականի եզրակացությամբ այն 4-րդ աստիճանի վթարայնություն ունի: Հստակ հաշվարկ կա. առավել ձեռնտու է նոր շենքի կառուցումը, քան հնի ամրացումը, որի համար մոտավոր հաշվարկով պահանջվում է 700 մլն է դրամ

Գյումրիում անընդհատ ինքնափլուզվող շենքերից է նաեւ Անտառավան 26-ը, որտեղ ներկա պահին 8 ընտանիք է բնակվում: Կա սեյսմիկ եզրակացություն, համաձայն որի՝ ամրացումը հնարավոր է 5-րդ հարկի ու պատշգամբների ապամոնտաժման դեպքում միայն: Որոշումն ուղարկվել է կառավարություն, սպասում են պատասխանին

Իսկ Տիգրան Մեծի 5 շենքն ուզեն թե չուզեն, պետք է ամրացնեն: Տարիներ առաջ ինքնափլուզվող այս շենքի մեկ մուտքն ամրացվել է: Դրանով պայմանավորված էլ, ըստ պատասխանատուների, շենքի քանդումը սխալ կլինի: Շենքն ունի 24 բնակարան: Ամրացման համար պահանջվում է 200 մլն դրամ: Բայց մինչ խնդրի լուծման տարբերակը կգտնեն, անհրաժեշտ գումարն էլ հետը, շենքի ներսում բնակիչները կմնան քարաթափումների տակ:

Գյումրիում եւս մեկ իրական մահվան սպառնալիք ունեցող կիսափլատակ էլ Գարեգին Նժդեհ փողոցի նախկին հանրակացարանն է: Խորհրդային տարիներին այն պատկանել է Տեքստիլ գործարանին, 90-ականներին սեփականաշնորհվել եւ մատնվել անուշադրության: Ներկա պահին լրիվ փլված այդ ավերակում երկու միայնակ տարեց կանայք են բնակվում: Գյումրու քաղաքապետարանը հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործել, փորձել է նրանց բնակարանով ապահովել, տատիկները, սակայն հրաժարվել են ու որոշել մահանալ քաղաքի կենտրոնում, այնտեղ, որտեղ իրենց երիտասարդությունն է անցելԳործն այս պահին իրավական հարթակում է, քանի որ սեփականատիրոջը պարտավորեցրել են սեղմ ժամկետում ապամոնտաժել կառույցը:

Վթարային շենք-շինություններ կան նաեւ Կումայրի պատմական միջուկում: Հուշարձան-շենքեր կան, օրինակ Հանեսօղլյան 22-ը, մասնակի 4-րդ աստիճանի վթայանություն ունի արդեն: Այսինքն՝ փլվում է, ամրացման ծրագիր, սակայն, չկա այս պահին:  

Ընդհանուր հաշվով՝ Շիրակի մարզում 3-րդ, նաեւ մասնակի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող 114 բազմաբնակարան է հաշվվում, բնակարանների թիվը  2500 էԲոլորը բնակեցված են՝ առանց բացառությունների: