Բացել լրահոսը Փակել լրահոսը
67508538_2182300395229304_4670269986525151232_n
A A
Հասարակություն

«Ոչ մի ծառ չեն սրսկում, բլոճները տուն են լցվում» (տեսանյութ)

Հողը ջրազուրկ, թփերը չորացած, տերևներն էլ դեղնած։ Այս պատկերը Արաբկիր վարչական շրջանի Հակոբ Հակոբյան փողոցում է։

«Հունիս ամսից Հակոբյան 6, 8  և շարունակությունը առհասարակ չի ոռոգվում»,- ասում է տարածքի բնակիչ Նորայր Հակոբյանը։

Նա բազմիցս է դիմել թե՛ քաղաքապետարանի, թե՛  վարչական շրջանի  թեժ գծերին,  բայց սայլը տեղից չի շարժվել։

«Քաղաքապետարանի թեժ գիծ ծառայության աշխատակիցները ասում են, որ  քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները տեղյակ են խնդրից, ցավալին դա է ու ոչինչ չի արվում։ Սա վարչական շրջանի տարածքն է, բայց բնակիչներս որոշ ծառեր տնկել ենք ու հետևաբար մեր սիրտը ցավում է»,- շարունակում է  նա։

Տարածքի բնակիչներին ոչ այլ ինչ, քան սեփական ուժերով  ջրելն է մնացել։

«Ես պարբերաբար ոռոգում եմ դույլերով, բայց դա գրեթե չեղածի հաշիվ է, որովհետև չի օգնում։ Այդ 60, 80, նույնիսկ 100 լիտր ջուրը այս  2-3 ծառին չի բավարարում»,- նկատում է նա։

Տեսախցիկի առաջ ոչ բոլորն են համաձայնում խոսել, բայց  դժգոհ են՝ ծառերը չորացել են, միջատներն էլ շատացել։

«Ոչ մի ջուր չկա, ոչ մի ծառ չեն սրսկում, բլոճները տուն են լցվում։ Ո՞վ է տեսել ամառվա այս օրերին արդեն տերև չկա»,- նշում է տարածքի մեկ այլ բնակիչ Սևակ Մնացականյանը։

Փողոցի ջրագծերը լավ վիճակում չեն գտնվում,  փականերրն էլ լավ չեն աշխատում, ասում է քաղաքացիներից մեկը։2 օր առաջ անձամբ է քանդել, կարգավորել ու  հաջողվել է մի փոքր հատված ջրել։

«Փականի հետ խնդիր կա, բայց չէին արձագանքում, կարող էին գալ, ստուգեին։Վերջում մենք քանդեցինք, բացվեց ու սկսեցինք ջրելը, բայց ոնց  որ խորը աշուն լինի։ Աղբը, տերևները փողոցով գնում լցվում է ցածր օբյեկտների դռներից ներս»,- ասում է Հրանտ Վարդանյանը։

Արաբկիր վարչական շրջանի կանաչապատմամբ զբաղվող «Արաբկիր-Կամար» ՓԲԸ-ի տնօրեն Հովսեփ Հովսեփյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշում է, որ ջուրը սակավ է, երբ որ ջուր լինում է, ոռոգվում է, իսկ եթե՝ ոչ, ապա ջրցաններով է կանաչապատ տարածքը ջրվում։ Նրա խոսքով՝ փողոցի ծառերը ջրցաններով ջրվել են մի քանի օր առաջ։ Ըստ գրաֆիկի՝ Հակոբ Հակոբյան փողոցի ծառերը այսօր կրկին պետք է ջրվեին։

Ջրցաններն, իրոք, այսօր, եկել են, բայց այս հատվածը կրկին մնացել է չոր։ Ոռոգումն արվել է հարեւանությամբ։

Տեսանյութը՝ քիչ անց։