Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Հասարակություն

Պատմական Կիլիկիայի բացառիկ ձեռագրերը աճուրդի կհանվեն Փարիզում

Ֆրանսիայում հայտնաբերվել է 14-րդ դարի Կիլիկյան Հայաստանի բացառիկ պալատական ձեռագրի 2 էջ: Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց ձեռագիրն ուսումնասիրած Մոնպելիեի համալսարանի միջնադարյան պատմության և արվեստաբանության դոկտոր Էմմա Չուգասզյանը։

Էջերը ֆրանսիացի կոլեկցիոներ Գիյոմ Արալի հավաքածուի մեջ են։ Կոլեկցիոներն ինքն է կապ հաստատել Էմմա Չուգասզյանի հետ և հայտնել, թե կարծում է, որ ձեռք բերած էջերը Կիլիկյան Հայաստանից են։

«Էջերը տեսնելու առաջին իսկ պահից պարզ դարձավ, որ դրանք հենց Կիլիկյան են։ Բայց, որպեսզի դա ապացուցվեր և պարզ դառնար, թե կոնկրետ որ դարի էջեր են՝ անհրաժեշտ էր ավելի խորը ուսումնասիրություն կատարել և փորձել գտնել նկարչին՝ ապացուցելով ձեռագրերի Կիլիկյան լինելը։ Ձեռագիրը չուներ հիշատակարան և միայն էջերն էին»,- նշում է արվեստաբանության դոկտորը։

Ուսումնասիրության ընթացքում պարզել է, որ ձեռագիրն ազդված է Կիլիկյան այլ երկու ձեռագրերից։ Դրանցից մեկը Հեթում 2-րդ արքայի «Ճաշոց»-ն է՝ նկարազարդված 1286-ին։ Մյուսը՝ «Ութ մանրանկարիչների ավետարանն» է՝ 1320 թվականի նկարազարդության ։ Երկուսն էլ այժմ պահվում են Մատենադարանում։

Արվեստաբանն ասում է՝ գտնված երկու էջերն էլ նույն ձեռագրից են․ մանրանկարիչ Սարգիս Պիծակի աշակերտի գրչին են պատկանում։

«Գուցե մի օր, մի մասնավոր հավաքածուի մեջ էլ ի հայտ գա այն ձեռագիրը, որից այս երկու էջերը պոկված են, բայց առայժմ այդ ձեռագրի մասին որևէ տեղեկություն չունենք և որևէ տեղ այդպիսի ձեռագրի նկարագրություն չենք հանդիպում։ Ամեն դեպքում, մենք հստակ գիտենք, որ այն երկու ձեռագրերը, որոնցից ազդված են այս էջերը 13-14-րդ դարում պահվել են Սիսի պալատական ձեռագրատանը։ Սարգիս Պիծակը նույնպես աշխատել է Սիսում։ Այսինքն` սա նույնպես Սիս քաղաքում նկարազարդված ձեռագիր է՝ դատելով նկարչի աշխատանքի որակից, ինչպես նաև այն հանգամանքից, որ նա ձեռքի տակ ունեցել է արքայական գրադարանում պահվող ձեռագրերը»։

Մանրանկարներում պատկերված են «Քրիստոսի զրույցն աշակերտների հետ» և «Հովհաննեսն ու Պրոքորոնը» տեսարանները։ Լուսանցքի շինությունները խորհրդանշում են երկրային Երուսաղեմը, որոնց մեջ երևում է հայկական եկեղեցու պատկերը՝ խորհրդանշելով Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքը։

«Հայկական եկեղեցիների նման պատկերը բացառիկ երևույթ է հայկական մանրանկարչության մեջ, քանի որ մինչ այդ հանդիպել են միայն սիմվոլիկ տեմպիետոյի (տաղավարիկի) տեսքով եկեղեցու պատկերներ: Իսկ այստեղ տեսնում ենք ճարտարապետական ճշգրիտ կառուցվածք ունեցող, վեղարաձև գմբեթով հայկական եկեղեցու մոդել»,-ընդգծում է Էմմա Չուգասզյանը։

Էջերն աճուրդի կհանվեն Փարիզում այս տարվա դեկտեմբերին։ Վաճառքի կհանվեն հայկական այլ մանրանկարներ ևս, որոնք հայտնի վարպետների աշխատանքներ են։

«Դեռևս չեմ կարող բացել բոլոր փակագծերը, միայն կասեմ, որ աշխարհում հայտնի թանգարաններում պահվող շատ կարևոր հայկական ձեռագրերի էջեր են լինելու։ Այդ էջերն ավելի քան հարյուր տարի կորած են համարվել։ Որովհետև ինչպես գիտենք, Ցեղասպանությունից հետո շատ դաժան ճակատագրի են ենթարկվել, ձեռագրերի մեծ մասի էջերը պոկվել են, կորել  ու հայտնվել են մասնավոր հավաքածուներում»,- ասում է արվեստաբանության դոկտորը։