Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled1
A A
Հասարակություն

Մի քիչ Ազնավուր, մի քիչ Պիաֆ ու Կոմիտաս. Ֆրանսիական Բուրգ Դե Պեաժի փողային նվագախումբը Ազնավուրի հրապարակում էր (տեսանյութ)

Մասնագիտությամբ  բժիշկներ, ինժեներներ, ուսանողներ և թոշակառուներ են։ Ազգությամբ ֆրանսիացիներ են՝  Բուրգ Դե Պեաժ քաղաքից։ Նրանց  միավորողը երաժշտության հանդեպ սերն է, և իրենց փողային սիրողական նվագախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Անի Յախինյանը։

Անին մասնագիտությամբ դիրիժոր է և ֆլեյտահար։ Ծնունդով՝ Վանաձորից է։ 1993-ին մեկնել է ֆրանսիա ու այնտեղ բնակություն հաստատել։ 16 տարի է երաժշտական դպրոցի տնօրեն է և սիրողական փողային նվագախմբի ղեկավարը։

«Նվագախմբի մասնակիցների առաջին այցը Հայաստան տասնմեկ տարի առաջ էր։ Որոշեցին գալ որպես զբոսաշրջիկ և ծանոթանալ իրենց ղեկավարի ծննդավայրին,- ժպտալով ասում է Անին։- Սա նրանց երկրորդ այցն է։ Հիսուն հոգանոց խմբի կեսն է այստեղ։ Իրենք ընտրեցին քաղաքներն ու որոշեցին անպատճառ նաև Արցախ այցելել, շրջագայել, ծանոթանալ երկրին։ Իրենց այցելությունը Հայաստան և Արցախ, որոշեցին համեմել համերգային ելույթներով»։

Առաջին ելույթը Արցախի Մարտունի քաղաքում էր։ Այնուհետև հանդես եկան, Վարդենիսում և Վանաձորում։ Եզրափակիչ համերգը՝ Երևանում էր՝ Ազնավուրի հրապարակում։

«Մի քիչ Ազնավուր, մի քիչ Էդիթ Պիաֆ, մի քիչ  ռուսական ու եվրոպական դասականներ, և որպես անակնկալ՝ Կոմիտասի «Կաքավիկը», իր խմբի երաժշտական ծրագիրը ներկայացրեց Անին։

Նվագախմբի անդամները հիացած կիսվում են իրենց տպավորություններով։ Նրանց գերել է Հայաստանի գեղատեսիլ բնությունը, հայերի հյուրընկալությունը։ Մինչ այդ, Հայաստան ասելիս Ազնավուրի անունն էին տալիս, նաև գիտեին, որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է։ Հիմա երկրի պատմության հետ որոշ չափով կարողացան ծանոթանալ, բացահայտել Հայաստան երկիրն ու Արցախը։ Ուրախ են, որ պատերազմական իրավիճակ չտեսան, սակայն նրանց խոսքով լարվածության շունչը զգացվում էր։

«Ֆրանսիական պաշտոնական կայքերում գրված է, որ Արցախը «կարմիր զոնա է», այսինքն վտանգավոր է և խորհուրդ չի տրվում այցելել,- ասաց Անին,- սակայն խմբի անդամները ցանկացան անպատճառ լինել Արցախում և ստորագրություն տվեցին, որ այցելում են անձնական պատասխանատվությամբ»։

«Ա1+»-ի հարցին, արդյո՞ք ցանկություն ունեն կրկին այցելել Հայաստան, խմբի անդամները միաբերան բացականչեցին՝ «ուի~»։