Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131148
A A
Հասարակություն

Դեղին քարտերով ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ)

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիա է կազմակերպել՝ հիշեցնելու քաղաքային իշխանություններին տրված խոստումների մասին։

«Երևանի քաղաքապետը և իր թիմը մեզ խոստում էր տվել Երևանը կանաչապատել, աղբահանությունն ավելի լավ կազմակերպել, տրանսպորտի հարցը լուծել և այլ խոստումներ»,- նշեց ՀՅԴ Երիտասարդական միության վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը։

«Չի բարեկարգվել, չի մաքրվել, չի կանաչապատվել, չի կառուցվել և չի փոխվել». այս գրությամբ պաստառներով ու դեղին քարտով են եկել կոմիտեի ներկայացուցիչները:

Ասում են՝ սա ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի վերջին զգուշացումն է:Նրանք պահանջատեր են լինելու։ Եթե քաղաքային իշխանությունները չեն կարողանում լուծել Երևանի խնդիրները, ապա կոմիտեն առաջարկում է կադրերին փոխել:

«Տեսնում ենք՝ աղբահանության վիճակն օր օրի վատանում է։ Քաղաքապետարանի կողմից ստեղծվեց համայնքային հիմնարկ, քաղաքի մաքրության համար ևս 2 մլրդ դրամից ավել բյուջե հատկացվեց, բայց անցել է 1 ամիս դեռ որևէ փոփոխություն չի նկատվում»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը։

Վերելերակների և գետնանցումների բարեկարգում, կանաչապատ տարածքների ավելացում․ այս խոստումները նույնպես չեն կատարվել քաղաքային իշխանության կողմից, մատնանշում է նա։ Արա Ռոստոմյանը հայտարարեց, եթե քաղաքապետարանը ցանկանա համագործակցել, ապա նրանք պատրաստ են ծրագրեր ներկայացնել, թեև ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի քաղաքապետարանը, քանի որ նրանք ընտրություններին ստացել են բացարձակ մեծամասնություն, և պատասխանատվությունն իրենք են ստանձնել։

Այնուհետեւ հավաքվածներին մոտեցավ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա անդրադարձավ ակցիայի մասնակիցների հնչեցրած բողոքներին։ Խոսնակը հստակեցրեց՝ քաղաքում կան բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք լուծվում են հստակ ընտրված ռազմավարությամբ։

«Այս ընթացքում շատ նկատելի փոփոխություններ են արվել, որոնց արդյունքը և՛ այսօր են նկատում, և՛ հետագայում կնկատեն»,- ընդգծեց Հակոբ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։