Շարունակվում է Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ գործով դատական նիստը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Գրիգորյանը այսօրվա նիստին դարձյալ ներկա չէր։ Դատավորը տեղեկացրեց, որ «Նաիրի ԲԿ»-ից գրություն է ստացվել դատարան այն մասին, որ Մանվել Գրիգորյանը հուլիսի 14-ից գտնվում է ստացիոնար բուժման մեջ եւ առողջական վիճակից ելնելով՝ չի կարող մասնակցել դատական նիստին։ Սակայն մինչեւ նիստը հետաձգելը, դատավորն ասաց, որ պետք է որոշ փաստաթղթերի անդրադարձ կատարվի։
Այնուհետեւ Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Պետեկամուտների կոմիտեից գրություն են ստացել այն մասին, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունը խնդրում է այս գործով գույքի վրա դրված կալանքի մի մասը վերացնել՝ հնարավորություն տալով, որպեսզի ՊԵԿ-ը աճուրդ-վաճառքի եղանակով գույքի իրացում անի՝ 1 միլիարդ 18 միլիոն դրամի շարժական եւ անշարժ գույքը վաճառի եւ ուղղի պետբյուջե՝ որպես հարկային պարտավորության կատարում:
Նամակում նաեւ նշված է, որ խոսքը «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է, որի ողջ գույքի վրա նախաքննական մարմնի որոշմամբ դրված է կալանք:
Այս փաստաթղթի վերաբերյալ կողմերը պետք է հայտնեն իրենց կարծիքը։ Փաստաթղթի էությանը մանրամասն ծանոթանալու համար դատավորը հայտարարեց 20 րոպե ընդմիջում։
Կողմերի կարծիքը լսելուց հետո դատավորը որոշեց «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ գույքի վրա դրված արգելանքը վերացնել։