Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Միջգերատեսչական հանձնաժողովը կայցելի Մանվել Գրիգորյանին. նրան կհետազոտեն (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն ընդմիջվել էր, որպեսզի պաշտպանության կողմից հրավիրված փորձագետ Լուսինե Մամիկոնյանը ներկայացնի համապատասխան փաստաթղթեր։ Սակայն ընդմիջումից հետո փորձագետը չէր ներկայացել: Նկատի առնելով դա՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին պաշտպանության կողմի ներկայացրած փորձագետին չեն կարող ներգրավել փորձագիտական հանձնաժողովի կազմում, պաշտպանության կողմից ներկայացված մյուս երեք փորձագետներին նույնպես չեն կարող ներգրավել, քանի որ նրանք դատարան չեն ներկայացել, չեն գուշացվել կեղծ եզրակացություն տալիս պատասխանատվության ենթարկվելու մասին:

«Քանի որ դատարանը պարտավոր է ողջամիտ ժամկետում քննել գործը և անընդհատ չի կարող հետաձգել՝ փորձագետների ներկայանալ-չներկայանալու հետ կապված, այդ պատճառով մենք շարունակելու ենք վարույթը: Հնարավոր է՝ պաշտպանության կողմից հրավիրված փորձագետը ներկայանա փորձաքննության ավարտից մեկ կամ երկու օր առաջ, մենք պետք է գործառույթներն իրականացնենք, նա այդ պահից կներգրավվի: Իհարկե, եթե փորձագետը հաջորդ նիստին ներկայանա, և բացարկի հիմքեր չլինեն, նրան էլ կներգրավեն»,- ասաց դատավորը։

Այնուհետև նա տեղեկացրեց, որ այս պահին դատարան է  ստացվել ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտափորձական կենտրոնի փորձաքննություների բաժնի վարիչ Հարությունյանի կողմից ուղարկված գրություն, որով նա տեղեկացնում է, որ ի կատարումն սույն քրեական գործով քաղաքացի Մանվել Գրիգորյանի վերաբերյալ նշանակված միջգերատեսչական կազմով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության՝ հայտնում է, որ նշանակված դատաբժշկական փորձաքննության կատարման միջգերատեսչական հանձնաժողովը հուլիսի 25-ին է այցելելու Մանվել Գրիգորյանին: Դատարանը, տեղեկանալով, որ  առարկություն չկա, ասաց, որ  ինքը պատրաստվում է պատասխան նամակ ուղարկել, որ նշված անձանց մուտքը Մանվել Գրիգորյանի մոտ թույլ տրվի, և  հետազոտությունն ապահովվի:

Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին, ժամը 12-ին: