Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ընթանում է Մանվել Գրիգորյանի եղբորորդու հետ կապված 25 տարվա վաղեմության գործով նիստը (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, քննվում է Էջմիածնի բնակիչ, գործարար Մհեր Պողոսյանի սպանության գործով  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը:

25 տարվա վաղեմության դատավճռի բեկանման վերաբերյալ բողոքը վերաբերում է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդուն՝ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին. 1994 թվականի ապրիլի 16-ին վերջինս կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ է հասցրել Էջմիածին քաղաքի բնակիչ, գործարար Մհեր Պողոսյանին:

Այժմ նոր երևան եկած հանգամանքների հիմքով բողոք է բերվել Վերաքննիչ դատարան: 

Հրանտ Գրիգորյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը կողմ արտահայտվեց ԶԼՄ-ների կողմից տեսանկարահանմանը, սակայն վերապահումով, որպեսզի իր պաշտպանյալը չնկարահանվի։ 

Մեղադրող կողմը և տուժող կողմը առանց վերապահման  կողմ արտահայտվեցին։ 

Նախորդ նիստը հետաձգվել էր: Սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանը լիազորագիր էր ներկայացրել՝ դատական նիստում որպես իրավահաջորդի ներկայացուցիչ հանդես գալու համար, սակայն պաշտպանական կողմը դեմ էր արտահայտվել, քանի որ որդին դատական կարգավիճակ չէր ունեցել։  

Այսօր դատական նիստին ներկա է նաև Էդուարդ Պողոսյանը։  Փաստաբան Սարգսյանը դեմ արտահայտվեց Պողոսյանին որպես տուժողի իրավահաջորդ ճանաչելուն։ 

Նա իր պնդումը փաստարկեց նրանով, որ գործի վարույթը ավարտված է և գործը դատավորի «սեղանին դրված չէ»։ 

Չնայած Գրիգորյանի փաստաբանի առարկություններին՝ դատարանը Էդուարդ Պողոսյանին շնորհեց տուժողի իրավահաջորդի կարգավիճակ, իսկ Զարուհի Մեջլումյանին՝ նրա ներկայացուցիչ։

Դատավորի հարցին, թե գործի նյութերի ամբողջությամբ ծանո՞թ է, Մեջլումյանը պատասխանեց՝ ոչ, ուստի նիստը հետաձգվեց։
 
Հաջորդ նիստը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 23-ին։

Հիշեցնենք, որ քրգործը սկզբում հարուցվել էր մահապատիժ նախատեսող ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության հոդվածով, սակայն որոշ ժամանակ անց վերաորակվել է որպես զենքի հետ վարվելու կանոնների խախտում, ուստի Հրանտ Գրիգորյանը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման: Երեք ամիս անցկացնելով Մեղրու կալանավայրում՝ դրսևորած լավ վարքի համար պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։