Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1560256142752
A A
Հասարակություն

Մանվել Գրիգորյանի եղբորորդու հետ կապված 25 տարվա վաղեմության գործը վերաքննիչ դատարանում է (տեսանյութ)

  Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, քննվում է 25 տարվա վաղեմության դատավճռի բեկանման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը: 

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, 1994 թվականի ապրիլի 16-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ է հասցրել Էջմիածին քաղաքի բնակիչ, գործարար Մհեր Պողոսյանին:

Այժմ նոր երևան եկած հանգամանքների հիմքով բողոք է բերվել Վերաքննիչ դատարան:

Պողոսյանի որդին Էդուարդ Պողոսյանը այժմ ՌԴ-ում  է եւ լիազորել է փաստաբան Զարուհի Մեջլումյանին ներկայացնել իր շահերը։ 

Հրանտ Գրիգորյանի փաստաբաններն են Հովսեփ Սարգսյանը և Կարեն Ղազարյանը։ Պաշտպանները խնդրեցին, որպեսզի լրատվամիջոցներին իրենց չտեսալուսանկարահանեն։

Փաստաբան Զարուհի Մեջլումյանը լիազորագիր էր ներկայացրել, որպեսզի դատական նիստում ներգրավվի որպես իրավահաջորդի ներկայացուցիչ , սակայն պաշտպանական կողմը դեմ արտահայտվեց, քանի որ իրավահաջորդը  դեռ դատական կարգավիճակ չունի։

Դատախազ Վահան Հարությանը կողմ արտահայտվեց Մեջլումյանի մասնակցությանը։

Իր ելույթում Մեջլումյանն ասաց, որ այս պարագայում պետք է հաշվի առնի իրավունքի ոգին, և Էդուարդ Պողոսյանի իրավունքները պետք է ներկայացվեն այս գործի վարույթում։ 

Դատարանը մերժեց, քանի որ Էդուարդ Պողոսյանը դատական կարգավիճակ չունի։  Բայց պարզաբանվեց, որ այժմ զրկված չէ այդ հարցով դատարան դիմելու իրավունքից։

Ի դեպ, հոր սպանության ժամանակ որդին ընդամենը 8 տարեկան է եղել եւ չէր կարող ունենալ տուժողի իրավահաջորդի կարգավիճակ։

Նիստը հետաձգվեց։ Այն կշարունակվի հուլիսի 11-ին, ժամը 12:00-ին։

Նշենք, որ գործն ի սկզբանե հարուցվել է մահապատիժ նախատեսող ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության հոդվածով, սակայն որոշ ժամանակ անց վերաորակվել է որպես զենքի հետ վարվելու կանոնների խախտում, ուստի Հրանտ Գրիգորյանը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման, 3 ամիս անցկացնելով Մեղրու կալանավայրում՝ դրսևորած լավ վարքի համար պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

Մանրամասները տեսանյութում։