Բացել լրահոսը Փակել լրահոսը
67224153_2358852931045589_8152451439432564736_n
A A
Հասարակություն

Հայաստանում ամենահրդեհավտանգ հատվածը Երևանն է (տեսանյութ)

ՀՀ Արտակարգ իրավիճաների նախարարության « Հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության» բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանում հրդեհների մասսայական բռնկմանը։ Ըստ նրա, այս տարի գրանցվել է հրդեհների թվի  աննախադեպ աճ, հատկապես՝ բուսածածկ տարածքներում:

«Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, ապա այս տարի մոտ 4 անգամ ավելի շատ հրդեհներ են եղել, ինչի արդյունքում  5.7 անգամ ավելի տարածքներ են այրվել: Հրդեհների 75 տոկոսից ավելին խոտածածկ տարածքներում է եղել»,- ասաց Սերգեյ Հայրապետյանը:

Նա պնդում է, որ հրդեհները հիմնականում մարդածին են՝ անզգուշությամբ ծխախոտը նետելը խոտածածկ տարածք, հանգստի գնացածների կողմից վառված կրակների չմարումը և այլն:

Սերգեյ Հայրապետյանը կոչ է անում քաղաքացիներին լինել առավել զգույշ և պահպանել հրդեհային կանոնները:

Վարչության պետի տեղակալը շեշտում է, որ հրդեհի դեմ պայքարը միայն հրշեջների գործը չէ, այլ պետք է իրականացվի համատեղ ուժերով՝  բնակիչների, համայնքապետերի,  ՏԻՄ և պետական կառավարման մարմինների համատեղ ուժերով:

«Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք վտանգ կա Խոսրովի անտառի հրդեհման, Սերգեյ Հայրապետյանը պատասխանեց, որ ոչ միայն Խոսրովի անտառի շրջանում այլև ցանկացած վայրում հնարավոր է հրդեհ բռնկվի:

«ՀՀ-ում խիստ հրդեհավտանգ վիճակ է գրանցված և ամեն տեղ էլ սպասելի է ու կա ռիսկ: Եթե անտառին է վերաբերում՝ աչքով չտանք, այս տարի դեռ լոկալ չի եղել ,միայն մի քանի տեղերում, որոնք արագ հանգցվել են»,- ասաց  Հայրապետյանը: 

Հայրապետյանը՝ որպես ամենահրդեհավտանգ հատված, առանձնացնում է Երևանը և նրա հարակից մարզերը։ Հայտնի է, որ  Էրեբունի վարչական շրջանում գրանցվել է առավել թվով հրդեհներ: