Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Շախմատային փառատոն՝ խորհրդարանի այգում

Հուլիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի այգում կազմակերպվել է «Շախմատային
ծիծեռնակներ» փառատոնը՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան: Շախմատի
միջազգային օրը տոնում են 1966 թվականից։ Տոնի ստեղծման գաղափարն հղացել է
Շախմատի միջազգային ֆեդերացիան, (ՖԻԴԵ) որը հիմնադրվել է 1924 թվականի
հուլիսի 20-ին՝ Փարիզում։ Ըստ ՖԻԴԵ-ի որոշ տվյալների՝ աշխարհում հաշվառվում
է 605 միլիոն մեծահասակ, որոնք անընդհատ շախմատ են խաղում:

Խորհրդարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ
պատգամավորներ, ավելի քան 120 շախմատասեր երեխաներ ու պատանիներ Հայաստանի
տարբեր մարզերից ու Սփյուռքից:

Շախմատային փառատոնին ներկա է եղել և խաղերի ընթացքին հետևել Սկանդինավյան
երկրների շախմատի ֆեդերացիայի նախագահ Վիբեկե Էկելանդ Բրոննը:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,
սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Մխիթար Հայրապետյանը կարևորել է Շախմատի միջազգային օրվա շրջանակում
Ազգային ժողովի կողմից կազմակերպված միջոցառումը՝ նշելով, որ այն նպատակ
ունի նպաստելու Հայաստանում շախմատի առավել տարածմանն ու զարգացմանը:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ նման միջոցառումները շարունակական են
լինելու, և խորհրդարանը տարատեսակ մրցաշարերի միջոցով խրախուսելու է
սպորտի տարածումը:

Մրցաշարն անցկացվել է 7 տուրով. յուրաքանչյուր պարտիայի համար տրվել է 10
րոպե ժամանակ:

Խորհրդարանի գեղատեսիլ այգում մի քանի ժամ շարունակ ընթացել է աշխարհի
ինտելեկտուալ խաղի սիրահարների մրցապայքարը, որի արդյունքում մթնշաղին
առաջին երեք տեղերն համապատասխանաբար զբաղեցրել են պատանի շախմատիստներ
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ առաջին տեղ, Ռոբերտ Մուրադյանը՝ երկրորդ տեղը, իսկ
երրորդ տեղն զբաղեցրել է Բենիկ Ագասարովը:

Մրցաշարի հաղթողներին շնորհավորել և մրցանակներ, պատվոգրեր ու
շնորհակալագրեր է հանձնել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,
սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Մխիթար Հայրապետյանը: Փառատոնը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու
համար շնորհակալագրերի են արժանացել մրցավարներ Տիգրան Գասպարյանը, Գևորգ
Մուրադյանը և Վահագն Խաչատրյանը:

«Շախմատային ծիծեռնակներ» մրցաշարի կազմակերպմանն աջակցելու համար ՀՀ ԱԺ
գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի
հարցերի մշտական հանձնաժողովի կողմից շնորհակալագիր է ստացել նաև Երևանի
շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Նորայր Քալանթարյանը: