Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Տանուլ են տվել. Ալումյանը՝ Քոչարյանի գործով իրավապահ մարմինների գործողությունների մասին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր պաշտպանյալի գործի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

«Այդ դաշտում նրանք վաղուց տանուլ են տվել», - Քոչարյանի գործի շուրջ Հատուկ քննչական ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, դատախազության գործողությունների մասին խոսելով՝ ասաց փաստաբանը։

Ալումյանը հիշատակեց տարածված գաղտնալսումներում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի «կալանքը ուզես-չուզես, պտի տաս» արտահայտությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչը և այլն։

Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը կասկածելի է Քոչարյանի փաստաբանի համար։ Ալումյանը նշեց, որ դատավորի նկատմամբ քննչական գործողությունները սկսվեցին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո, ինչը, ըստ նրա, ճնշում գործադրելու միջոց և «վախեցնելու» հաղորդագրություն է մյուս դատավորներին։ 

«Չհամարձակվեք Քոչարյանի օգտին որոշում կայացնել», - ըստ փաստաբանի՝ սա է մյուս դատավորներին ուղղված մեսիջը։ 

Փաստաբանի խոսքով՝ միջնորդությունները պետք է քննվեին անմիջապես, սակայն արդեն հուլիսի 20-նն է, իսկ դատարանը դեռևս չի քննում խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբանական խմբի միջնորդությունը։

Հայկ Ալումյանը, խոսելով Սահմանադրական դատարանի դիմաց տեղի ունեցած ակցիաներից, դրանք որակեց որպես հարձակումներ Բարձր դատարանի նկատմամբ՝ հիշեցնելով ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի և ցուցարարների միջև բախումը։ 

Անդրադառնալով իր պաշտպանյալին առաջադրված 300.1 հոդվածով մեղադրանքի վերաբերյալ կարծիքի համար Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն՝ Ալումյանն ասաց, որ դա ճիշտ լուծում էր, քանի որ նպատակաուղղված հեղինակազրկվում են հայաստանյան դատարանները։ 

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՄԻԵԴ-ի արտահայտելիք կարծիքը հակասի հետագայում նույն գործով ՄԻԵԴ-ում հնարավոր քննությանն ու վճռին, Փաստաբանն ասաց, որ դժվար թե եվրադատարանը տրամագծորեն հակառակ դիրքորոշում արտահայտի։