Բացել լրահոսը Փակել լրահոսը
NoLogoPost-780x400
A A
Հասարակություն

Վերաքննիչ դատարանը մերժել է դատավոր Իշխան Բարսեղյանին

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել դատավոր Իշխան Բարսեղյանի գործով 7 տարվա ազատազրկման վճիռը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը նախորդ տարվա օգոստոսի 6-ին  Իշխան Բարսեղյանին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման։  Իսկ որպես կաշառք տրված  1000  ԱՄՆ դոլարը որոշել էր փոխանցել ԱԱԾ-ին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Իշխան Բարսեղյանը,  1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող  եւ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել եւ  անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Գումարը կազմում է 1000 ԱՄՆ դոլար: Դատավորի կողմից կաշառք ստանալը պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Իշխան Բարսեղյանն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում եւ իրեն մեղավոր չէր համարում։

Նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանն «Ա1+»-ին հայտնեց, որ արդյունավետ պաշտպանության միջոցները Վերաքննիչ դատարանում  չկարողացան  իրացնել։

Նրա խոսքերով՝ վերաքննիչ դատարանում անիմաստ ժամանակ են անցկացրել, քանի որ իրենց կողմից ներկայացված լուրջ  միջնորդությունները, որոնք նշանակություն կարող էին ունենալ գործի հետագա ընթացքի համար, դատավորը չի քննարկել։ Դատավոր Արմեն Դանիելյանը որոշում է կայացրել դրանց անդրադառնալ վերջնական դատական ակտով, ինչը եւս պաշտպանը խախտում է համարում։

 Հիշեցնենք,  որ Իշխան Բարսեղյանը  ներկայումս ազատության մեջ է։  Երկու տարի երեք ամիս անազատության մեջ գտնվելուց հետո  Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշել էր  1 մլն  երաշխքային գումարի դիմաց փոխել նրա խափանման միջոցը։ 

Պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել։