Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130992
A A
Հասարակություն

ԲԴԽ-ն մերժեց Երվանդ Խունդկարյանին որպես վկա նիստին հրավիրելը (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդի նիստին, որի ժամանակ քննարկվում է ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու մասին հարցը, Գրիգոր Բեքմեզյանը միջնորդություն ներկայացրեց, որ Դատավորների ընդհանուր ժողովի նախագահ Երվանդ Խունդկարյանը ներկայանա նիստին՝ որպես վկա՝ պարզաբանում տալու համար, թե ըստ դատավորների ընդհանուր ժողովի՝ ե՞րբ է Նախշուն Տավարացյանը համարվում ընտրված ԲԴԽ անդամ:

ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը, Վիգեն Քոչարյանը և Լիպարիտ Մելիքջանյանը կողմ էին, որպեսզի Երվանդ Խունդկարյանը հրավիրվի:

Նախշուն Տավարացյանն ի սկզբանե ասաց, որ եթե ԲԴԽ անդամները դեմ չեն, ինքը ևս դեմ չէ: Մեսրոպ Մակյանը, Ռուբեն Վարդազարյանը, Անի Մխիթարյանը և Սերգեյ Չիչոյանը դեմ կարծիքներ հայտնեցին։

Ռուբեն Վարդազարյանը մասնավորապես նշեց.

«Վերջին ժողովին մասնակցել է 206 դատավոր, այդ տրամաբանությամբ որ շարժվենք, այստեղ պետք է հրավիրենք բոլորին և լսենք նրանց կարծիքը։ Պարոն Խունդկարյանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած կարծիքը մասնավոր է»:

Այնուհետև քվեարկության ժամանակ նրանց միացավ նաև Տավարացյանը, և ըստ այդմ՝ 5 դեմ, 4 կողմ հաշվարկով միջնորդությունը մերժվեց: