Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նախշուն Տավարացյան
A A
Հասարակություն

ԲԴԽ նիստը կլինի դռնբաց. Նախշուն Տավարացյանը դեմ էր (լրացվող) (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհուրդը այսօրվա հրավիրված նիստում քննարկելու է Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։ Նախշուն Տավարացյանը միջնորդեց նիստը դռնփակ անցկացնել:

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հետաքրքվեց, թե ինչո՞ւ:

Ի պատասխան՝ Նախշուն Տավարացյանը պատասխանեց, որ դա իր իրավունքն է:

«Դա կողմի իրավունքն է դատական նիստը դռնփակ կամ դռնբաց անցկացնել»:

Գրիգոր Բեքմեզյանը շարունակեց, որ ըստ Դատական օրենսգրքի Սահմանադրական օրենքի դրույթների՝ նիստը կարող է դռնբաց լինել:Բարձրագույն դատական խորհրդի մյուս անդամ Մեսրոպ Մակյանն էլ նշեց, որ կարծում է, որ ԲԴԽ դատավոր-անդամը որևէ կերպ չի կարող ավելի քիչ իրավունք ունենալ, քան այն դատավորը, որի նկատմամբ իրականացվում է կարգապահական վարույթ:

ԲԴԽ մյուս անդամ Հայկ Հովհանիսյանն էլ հավելեց, որ հենց արդարադատության շահը պահանջում է, որ այս նիստը դռնբաց լինի: Նիստը վարող, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը նշեց, որ հաշվի առնելով, որ տարաբնույթ են կարծիքները՝ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ որոշելու՝ դռնբա՞ց, թե՞ դռնփակ անել։

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նշվեց, որ  որոշվել է՝ նիստը կլինի դռնբաց։

Գրիգոր Բեքմեզյանը հիշեցրեց, որ տիկին Տավարացյանը ԲԴԽ անդամ է ընտրվել է 2018թ. նոյեմբերին, բայց հրաժարվել է երդում տալ: «Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ տիկին Տավարցյանը չի մասնակցել 2018թ. նոյեմբերի 8-ից սկսած՝ ԲԴԽ բոլոր նիստերին»:

Նրա խոսքով՝ Նախշուն Տավարացյանը ոչ մի պատճառաբանություն չի ներկայացրել, որ բացակայել է նիստերից: Ըստ այդմ էլ՝ նա խախտել է օրենքի պահանջները, և պետք է նրա լիազորությունները դադարեցվեն:

ԲԴխ անդամ Հայկ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ որևէ մեկը չփորձի անձնավորել այս խնդիրը։ «Մեզանից ոչ մեկ չի թիրախավորել տիկին Տավարացյանին, որի անձի հանդեպ բոլորս ունենք հարգանք», - ընդգծեց նա: