Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գրկախառնված Օսիպյանը
A A
Հասարակություն

Իջևանցի կինը գրկեց Օսիպյանին ու շնորհակալություն հայտնեց

ՀՀ ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանն այս պահին Տավուշի մարզի Իջևան քաղաքում է, որտեղ գիշերը բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով բախումներին, Օսիպյանն ասաց, որ հարվածները եղել են միակողմանի. «Քաղաքացիների կողմից է եղել»։

Խոսելով ցույցերի ժամանակագրության մասին՝ նա նշեց, որ մի խումբ քաղաքացիներ 5-6 անգամ տարբեր հատվածներում փակել են ճանապարհները, և ոստիկանության կողմից բացատրական աշխատանքներից հետո ճանապարհները բացվել են։

Սակայն երեկոյան, ըստ Օսիպյանի, ակցիայի մասնակիցների թիվը հասել է 500-600-ի, և նրանք հրաժարվել են կատարել ոստիկանների՝ ճանապարհները բացելու պահանջը։ Ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության աշխատակիցները շղթա կազմած քայլել են առաջ՝ ստիպելով քաղաքացիներին բացել ճանապարհը։

«Սակայն մեր ծառայողների օրինական պահանջները նրանք դիմավորեցին մահակներով, մետաղյա ձողերով և այդ թվում՝  քարերով»,- շեշտեց ոստիկանության գեներալ-մայորը՝ հավելելով, որ դրա հետևանքով 12 ոստիկան տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Իրավիճակի մասին տեղեկանալով՝ Օսիպյանը զեկուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու գնացել Իջևան, իսկ այնտեղ իրեն դիմավորել են թվով 30 քաղաքացի։ Բանակցություններ են սկսվել՝ տևելով մոտ 30 րոպե, որի ընթացքում ցուցարարները ցանկություն են հայտնել, որ վերացվեն Տավուշի մարզում տեղակայված անշարժ պահակակետերը, որոնք, Օսիպյանի խոսքով, վերահսկում են Իջևանից ապօրինի ծառահատման դեպքերի բացառումը։

Ըստ Ոստիկանության պետի՝ ակցիայի մասնակիցները պահանջել են բաց թողնել փայտերով բեռնված մեքենաները, վարորդներին և չկազմել որևէ արձանագրություն։

Սակայն Օսիպյանը պատասխանել է, որ վերոնշյալ պահանջները չեն արվելու, և քրեական գործեր են հարուցվելու այս դեպքերով։ «Գործը հարուցված է ՀՀ Քրեական օրենսգրքի խուլիգանության հատկանիշներով, նաև իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ այս պահին կա 19 բերման ենթարկված անձ։

Անդրադառնալով ոստիկանության նկատմամբ բռնությունների նախկին դեպքերին՝ Վալերիյ Օսիպյանն ասաց, որ հնարավորինս ամեն ինչ արվելու է՝ այդպիսի դեպքերը նվազագույնի հասցնելու համար։ Նա չբացահայտեց ոստիկանության հետագա մարտավարությունը՝ նշելով, որ Իջևանում հասարակական կարգը լինելու է ապահովված։

Լրագրողների հետ զրույցի ընթացքում մի կին մոտեցավ ոստիկանապետին։ Քաղաքացին հարցրեց, թե արդյո՞ք հիշում է իրեն ընդունելությանից, Օսիպյանը դրական պատասխան տվեց։ Քաղաքացին շնորհակալություն հայտնեց նրան և գրկեց. «Դուք մեզ օգնեցիք։ Երեք տարի մենք ոչինչ չէինք կարողանում անել»,- ասաց քաղաքացին։ Օսիպյանի հարցին, թե հիմա ամեն ինչ կարգի՞ն է, քաղաքացին պատասխանեց, որ շատ, թե քիչ, բայց ինչ-որ բան տեղից շարժվել է։ Քաղաքացին կրկին շնորհակալություն հայտնեց ոստիկանության պետին՝ հույս հայտնելով, որ վերջինիս միջոցով Հայաստանը կրկին կբարձրանա։

Վերջում Օսիպյանի հարցին, թե անվտա՞նգ է Իջևանում, քաղաքացին դրական պատասխան տվեց։