Կանադայում ռազմական կցորդ կունենանք
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ-ը Կանադայում ռազմական կցորդ կունենա, սակայն հաստիքը կհամատեղվի ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդի կողմից:
Նախագիծը ներկայացված է Կառավարության վաղվա նիստում։
Պաշտպանության նախարարության ներկայացված նախագծով հիմնավորվում է, որ երկու պետությունների միջեւ գոյություն ունեն ամուր միջպետական հարաբերություններ։ Հայաստանը շահագրգիռ է ավելի ընդլայնելու եւ խորացնելու հարաբերությունները Կանադայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, եւ Կանադայում ՀՀ ռազմական կցորդի հավատարմագրումը եւս մեկ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության խորացման համատեքստում:
Հայաստանը մեծապես կարևորում է նաեւ Կանադայի հետ երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը և ընդլայնումը՝ որպես կարեւորագույն կամուրջ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև:
Ըստ նախագծի՝ Կանադայում հավատարմագրված ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ: Ռազմական կցորդը, հյուրընկալ պետության զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով պետք է ապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, ինչպես նաեւ այցելի ռազմաուսումնական հաստատություններ, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ եւ այլն:
Բացի այդ՝ ռազմական կցորդը ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ եւ արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ՝ միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն։
Ռազմական կցորդը իր պարտականությունների կատարմանը պետք է անցնի 2027 թ․ հունվարի 1-ից։