Բացել լրահոսը Փակել լրահոսը
2934075
A A
Հասարակություն

Ճամփորդական փաստաթղթերի հարցը՝ Գործադիրում

Անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության բարձրացման, ինչպես նաև միջազգային ստանդարտներին համապատասխանող կենսաչափական համակարգի ներդրման հարցը Գործադիր մարմնի վաղվա նիստում է։

Առաջարկվում է վավերացնել «Էլեկտրոնային մեքենայաընթեռնելի ճամփորդական փաստաթղթերի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հանրային բանալիների տեղեկատուին (ԻԿԱՕ-ի ՀՏԲ) մասնակցության եւ ծախսերի բաշխման մասին» փոխըմբռնման հուշագիրը։

Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության՝ ԻԿԱՕ-ի ՀԲՏ-ին միանալը նպատակահարմար է անվտանգության, միջազգային վստահելի համագործակցության եւ գործառնական արդյունավետության տեսանկյունից։ Այն կբարձրացնի սահմանային անվտանգությունը՝ թվային ստորագրությամբ պաշտպանված եւ լավագույն անվտանգային ստանդարտներին համապատասխանող ստուգման վստահելի համակարգ ունենալու համար։

Հուշագրի առավելություններից մեկն էլ այն է, որ կբերի միջազգային փոխճանաչման, սահմանային վերահսկողությունը կլինի արդյունավետ։ Կօգտագործվեն ավտոմատացված սահմանային անցման համակարգեր, կարագացվի ուղեւորների հոսքի մշակումն օդանավակայաններում։

Նախագիծը ներկայացրել է Ներքին գործերի նախարարությունը։ Նախարարությունում գտնում են, որ Հայաստանի Հանրապետության կողմից ԻԿԱՕ-ի ՀԲՏ-ին միացումը նպատակահարմար է եւ աջակցում է Հայաստանի Հանրապետության միգրացիոն եւ անվտանգային քաղաքականության իրականացմանը։

Ներկայումս տեղեկատուին միացած է 111 պետություն։ ՀԲՏ-ի միջոցով պետությունների սահմանային վերահսկողության համակարգերը ինքնաշխատ կերպով եւ վստահելիորեն ստուգում են միացած այլ պետությունների էլեկտրոնային անձնագրերը՝ առանց յուրաքանչյուր պետության հետ առանձին տեխնիկական կապ ստեղծելու։