Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սննդի վերաբերյալ
A A
Տնտեսություն

Արդյո՞ք պարարտանյութերը կարող են լինել քաղցկեղածին

Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը հանդես եկան մամուլի ասուլիսով։

Անդրադառնալով պտուղ-բանջարեղենների արտադրության աճեցմանը, Նիկոյանն ասաց, որ օգտագործվում են պեստիցիդներ և ագրոքիմիկատներ։ «Պարարտանյութերն օգտագործվում են բույսի սնուցման համար, իսկ թունաքիմիկատները՝ բույսի հիվանդություններ, մոլախոտեր, անցանկալի տեսակների վերացման համար»,- նշեց նա։

Խոսելով անվտանգության մասին՝ ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետն ընդգծեց, որ թե՛ պարարտանյութերը, թե՛ թունաքիմիկատները, եթե օգտագործվում են տեղին ու ժամանակին, ճիշտ չափաքանակով, ապա դրանցով մշակված արտադրանքը դառնում է անվտանգ։ Նա կարևորեց նաև սպասման ժամկետը՝ նշելով, որ թումաքիմիկատ օգտագործելուց մինչև բերքահավաք ընկած ժամանակահատվածը պետք է պահպանվի․ «Կախված թունաքիմիկատի տեսակից, թունունակությունից, ազդեցությունից և այլն»։

Ռուդիկ Նազարյանն իր հերթին նշեց, որ գյուղատնտեսների շրջանում միշտ իրականացնում են իրազեկման և խորհրդատվության աշխատանքներ՝ պարարտանյութերի և պեստիցիդների կիրառման վերաբերյալ։

Սրսկման և կիրառման միջոցառումները, ըստ բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետի, պետք է կատարվեն ճիշտ ժամկետներում և ոչ բոլոր դեպքերում է խորհուրդ տրվում թունաքիմիկատներ օգտագործել։  «Շատ կարևոր է, որ մեր ֆերմերները կարողանան ճիշտ ժամկետներ ընտրել և տնտեսական վնասակարության ճիշտ այն շեմը՝ արդյունավետ պայքար կազմակերպելու համար»,- շեշտեց նա։

Դա այն շեմն է, ըստ Նազարյանի, երբ որ վնասատուների քանակը, խտությունը, նախատեսվածից բարձր է և անհրաժեշտություն կա դրանց դեմ պայքար կազմակերպել։

Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը նշեց, որ պարբերաբար մշտադիտարկում են իրականացնում վերամշակող ընկերությունների հետ՝ հասկանալու տվյալ տարվա մթերման պահանջարկը, մինչև գյուղատնտեսական աշխատանքների սկսելը պահանջարկը տարածել ֆերմերների շրջանում՝ վերջիններիս կապը վերամշակողների հետ ապահովելու համար։

Տեղեկություններ կան, որ Ֆրանսիայի մի շարք վայրերում կիրառված պարարտանյութերի հետևանքով քաղցկեղի տարածվածություն է գրանցվել, նույնիսկ տեղ-տեղ արգելվել են ծառերն էտել։

Այս դիտարկման կապակցությամբ Նիկոյանն ասաց, որ նախ պետք է ճշտել արդյո՞ք դրանք եղել են ֆրանսիական արտադրության պարարտանյութեր, հավելեց նաև, որ Հայաստանում ֆրանսիական արտադրության պարարտանյութեր չեն օգտագործվում։

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և՛ թունաքիմիկատները, և՛ պարարտանյութերը, մինչև ներմուծվելը, պարտադիր պետք է գրանցվեն ՀՀ-ում»,- շեշտեց նա՝ հավելելով, որ գրանցումը բազմաքայլ գործընթաց է իր պահանջներով, որից հետո ներկայացված պահանջներով փաստաթղթերը ՍԱՊԾ-ի  կողմից հանձնվում է կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին։

Վերոնշյալ հանձնաժողովի անդամ է Ռուդիկ Նազարյանը։ Նա նշեց, որ պարարտանյութերը, եթե սխալ օգտագործվեն, կարող են խնդիրներ առաջացնել․  «Պետք է օգտագործել նորմալ չափաքանակներով՝ հիմք ընդունելով նաև այն հողի քիմիական կազմը, որտեղ մշակվում է տվյալ մշակաբույսը։ Երբ որ նյութերը ավելանում են հողում, արդեն էնտեղ  քիմիական նյութերի փոխարկումները կարող են ընթանալ ըստ էության»։

 

Մանրամասները տեսանյութում