Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՔԿՀ-ներում թիվ մեկ խնդիրը բժշկական ծառայությունների եւ առողջության պահպանման հարցն է. ՄԻՊ (տեսանյութ)

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացրեց փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակը։ Ներկայացնելով իրենց դիտարկման արդյունքները՝ Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ խնդիր կա ազատությունից զրկվածներին տեղափոխող տրանսպորտային միջոցների հետ կապված, քանի որ ՔԿՀ-ից դատարան տեղափոխվելիս տրանսպորտային միջոցը համարվում է ազատազրկման վայր։ Վերջինիս խոսքով՝ տրանսպորտային միջոցը չի համապատասխանում միջազգային իրավաբանությանը։

Ազատությունից զրկվածին տեղափոխող տրանսպորտային միջոցը պետք է լինի 0,8 քմ, սակայն, պաշտպանի խոսքով, մեզ մոտ այն 0,3-0,4 քմ մակերես ունի։

Դրանք նաեւ լուսավորության հետ կապված խնդիր ունեն։

Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ ազատությունից զրկվածների տեղափոխումն իրականացնում է ոստիկանությունը, կա ընդամենը 10 տրանսպորտային միջոց։ Ոստիկանության հետ քննարկում են տրանսպորտային միջոցներում համապատասխան պայմաններ ստեղծելը։

Խնդիր է նաեւ այն, որ ՔԿՀ-ներից դատարան տեղափոխվելուց հետո դատարանում ազատությունից զրկվածներին պահելու խցերում չկան համապատասխան պայմաններ, մասնավորապես՝ կա լուսավորության, ջրի խնդիր, իսկ որոշ դատարաններում չկան նույնիսկ պահվող խցեր, եվ այդ պատճառով նիստերն անցկացվում են այլ դատարաններում։ Այդպիսիք են Արթիկի, Գավառի, Մարտունու, Սիսիանի դատարանները։

Արման Թաթոյանի խոսքով՝ ՔԿՀ-ներում թիվ մեկ խնդիրը բժշկական ծառայությունների եւ առողջության պահպանման հարցն է։

ՔԿՀ-ներում բժիշկներին ոչ թե որպես բժիշկ են ընկալում, այլ որպես ուսադիր կրող կամ ՔԿՀ աշխատակից։

Պաշտպանի խոսքերով՝ կա նաեւ բժիշկների վերապատրաստման խնդիր, կան ՔԿՀ-ներ, որտեղ անգամ բժիշկ չկա։

Բանախոսը նշեց, որ զգալիորեն լուծվել է խցերում գերբնակեցման հարցը։