Բացել լրահոսը Փակել լրահոսը
mhm0119539-770x510
A A
Հասարակություն

Կալանքի տակ գտնվելու երեք ու կես տարիների մեծ մասը հիվանդանոցում է անցկացնում

Նորքի զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը շարունակում է բուժումներ ստանալ Առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակության բժշկագիտական կենտրոնում։ «Կատարվել են հետազոտություններ, պարզվել է, որ ինքն ավելի լուրջ բուժօգնության կարիք ունի,եւ տվյալ բուժհաստատությունը չի կարող ապահովվել։ Ներկայումս էլ ընթացող  մաշկային հիվանդությունների առումով  բուժումները դեռեւս ցանկալի արդյունք չեն տվել»,- այս մասին «Ա1+»-ին ասաց նրա պաշտպաններից Արայիկ Պապիկյանը։

   Կալանքի տակ գտնվելու երեք ու կես տարիների մեծ մասը Արթուր Վարդանյանը անցկացրել է քաղաքացիական հիվանդանոցում։

«Մի կողմից պետությունը նրան պահում է կալանքի տակ՝ ծախսեր կատարելով, մյուս կողմից՝ ստիպված է վատառողջ կալանավորված անձին պետպատվերի միջոցներով բուժօգնություն ապահովվել », - ավելացնում է Արայիկ Պապիկյանը։

Ըստ քրեական գործի նյութերի՝ 2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Այս գործով անցնող 20 անձանցից միայն  Արթուր Վարդանյանի խափանման միջոցը չի փոխվել։ Ըստ պաշտպանի՝  ոչ դատարանը,  եւ ոչ էլ մեղադրանքի կողմը նրան կալանքի տակ պահելու բացարձակ հիմնավորում չունի։  Նրա խոսքերով՝  արարքին գնահատական տալու հարցը պետք է մտցվեր «Համաներման մասին» օրենքի մեջ։

  «Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի ժամանակ սկսված հետապնդումը  ենթադրյալ հանցանք գործելու հետ կապված այսօր ատամներով փորձում է պահել դատախազությունը, որին փորձում է աջակցել գործը քննող դատավորը։  Հետեւաբար , եթե  այդ անձանց մեղադրում են ռեժիմին տապալելու կամ դրա փորձի համար, ապա  դա կատարվեց մեկ տարի առաջ ավելի քաղաքակիրթ ձեւով՝ հեղափոխության միջոցով։ Նպատակները նույնն էին, կատարման ձեւն էր տարբեր։ Փոխվել է, ռեժիմը չկա,  բայց ռեժիմի դեմ պայքարի ելած բոլոր անձինք եւ այս գործով եւ այլ գործերով  փոխված Հայաստանում շարունակում են հետապնդման ենթարկվել»,- ավելացնում  է Արայիկ Պապիկյանը։

   Ըստ նրա՝ միջանկյալ լուծում կարող  է լինել խափանման միջոց փոխելը, եթե հետապնդումը չեն դադարեցնում։ Հատկապես այն դեպքում, երբ բոլորը նույն հոդվածով էին մեղադրվում, սակայն միայն Արթուր Վարդանյանն է կալանքի տակ։  «Դա ե՛ւ խոշտանգման, ե՛ւ անձնական վրեժխնդրության ձեւ է։ Մեղադրանքները, որոնք ժամանակին առաջադրվել են՝ ծառայություն մատուցելով Սերժ Սարգսյանին, գուցե հիմա ուզում են ցույց տալ, որ  ճիշտ են։ Անհասկանալի վարքագիծ են դրսեւորում ե՛ւ դատախազությունը, ե՛ւ դատարանը»,- եզրափակեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Ի դեպ, նախորդ ուրբաթ օրը,  այս գործով 100-րդ նիստ էր նշանակված։ Սակայն, ինչպես այդ, այնպես էլ  նշանակված օրերի  նիստերի  մեծ մասը տարբեր պատճառներով հետաձգվել են։