Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանվել Գրիգորյան
A A
Հասարակություն

Մանվել Գրիգորյանը չէր տեղափոխվել դատարան՝ առողջական վիճակից ելնելով (տեսանյութ)

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր դարձյալ  չի տեղափոխվել դատարան։ Սակայն նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, ներկա էր նիստին:

Դատական նիստի սկզբում դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ «Նաիրի» բժշկական կենտրոնից դիմում է ներկայացվել դատարան, համաձայն որի՝ Մանվել Գրիգորյանը չի կարող մասնակցել դատական նիստին՝ ելնելով առողջական վիճակից։ Դատավորը նաև նշեց, որ  դատական նիստը պետք է հետաձգվի, քանի  որ ամբաստանյալը ներկա չէ։

Սակայն մինչև նիստը հետաձգելը, դատավորը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ուսումնասիրելու համար ստեղծվող հանձնաժողովի փորձագետներին, ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք երկու օտարերկրացի փորձագետների հրավիրել են՝ պարզաբանման համար, ՀՀ քաղաքացի փորձագետների ներկայությունը նույնպես պետք է ապահովեն նիստին։

Նշենք, որ դատարանի որոշմամբ՝ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ու նրա մոտ առկա հիվանդություննները՝ համապատասխան եզրակացություն տալու համար։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.- ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա. Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը, խոսելով իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին, ասաց.

«Մանվել Գրիգորյանի վիճակն այնպիսին է, որ եթե նախանցած դատական նիստին դատավորը կարող էր ասել, որ միայն այն, որ նա դատական նիստին ներկա է, արդեն խոսում է նրա մասին, որ խափանման միջոցը չպետք է փոխվի, հիմա այսօր ներկա չի: Չգիտեմ՝ ինչ եզրահանգման կգա հանձնաժողովային փորձաքննությունը, որովհետև  դառը փորձն ունեցել ենք, երբ որ այդ փորձաքննությունը ոչ պատշաճ անձի կողմից ստորագրվում  է, ոչ նորմալ պայմաններում իրականցվում է, ճնշումների տակ է  իրականացվում, դրա ակաանտեսը ես անձամբ եղել եմ: Չգիտեմ՝ այս անգամ ինչ ձևի կլինի,  բայց փաստը մնում է փաստ, որ Մանվել Գրիգորյանի առողջությունը գնալով վատանում է»։

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 23-ին, ժամը 12-ին։