Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ նաեւ վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական վթարներին: Նա, դիմելով ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, նշեց, որ հիմա հատկապես  պետք է ճանապարհային երթեւեկության նկատմամբ  լինի կրկնակի եւ եռակի ավել վերահսկողություն. «Իհարկե, հասկանալի է, որ այսօր ՀՀ-ում եւ հատկապես՝ 2018-19թթ. ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճ է արձանագրվել: Այսօր աներեւակայելի թվով ավտոմեքենա կա ՀՀ-ում, եւ մեծ ծավալով ներկրումները շարունակվում են։ Դա իր հերթին բերում է մարտահրավերներ, եւ այդ մարտահրավերներին արձագանքը պետք է լինի հետեւյալը, որ ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդտեղ որեւէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետեւ խոսքը մարդկանց՝ մեր երեխաների, մեր հայրենակիցների կյանքի, անվտանգության եւ առողջության մասին է»:

Վարչապետը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկել ոստիկանությունը եւ ի՞նչ  միջոցներ է պատրաստվում ձեռնարկել՝ այս հարցում շոշափելի փոփոխություն ունենալու համար, մինչ կընդունվի օրենքի նախագիծը:

Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց ճանապարհատրասպորտային պատահարների վերջին տարիների վիճակագրությունը:

Վարչապետը նկատեց, որ հարցերը պետք է լուծվեն հետեւողական, տրամաբանված ռազմավարություն եւ ճանապարհային քարտեզ ունենալու միջոցով:  Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաեւ, որ միավորների համակարգը շատ լավ համակարգ է, որը էականորեն կփոխի իրավիճակը:

Քննարկման ժամանակ տարբեր առաջարկներ հնչեցին՝ խնդրի լուծման համար: Վարչապետը նշեց, որ պետք  չէ խուսափել գաղափարներ հնչեցնելուց, դրանք կքննարկվեն, եւ եթե կհասկանան, որ ավելի լավ գաղափար կա, դրանով կզբաղվեն: