Ինչո՞ւ է ապամոնտաժվել Բաղրամյան 1 հասցեի շենքի գովազդային վահանակը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲաղրամյան 1 հասցեն սովորականից առավել է հայտնվել անցորդների ուշադրության կենտրոնում։ Շենքի պատին երկար ժամանակ տեղադրված "ԷԳԱ" գովազդային ընկերության արտաքին գովազդի վահանակը երեկ՝ հուլիսի 4-ին մաս- մաս բաժանված, մայթեզրին էր գցած։ Ընկերության աշխատակիցները անծանոթ քաղաքացուց են իմացել վահանակի ապամոնտաժման մասին։
«Մոտենալով Բաղրամյան 1՝ տեղեկացել ենք, որ գովազդն ապամոնտաժվել է Կենտրոն համատիրության ցուցումով, ինչ-որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից»,- ասաց ընկերության աշխատակից Հակոբ Մելիք- Վահանյանը:
Նրա խոսքով՝ 20 տարուց ավել է՝ ընկերությունը զբաղվում է արտաքին գովազդով։ Բաղրամյան 1 հասցեում գովազդային վահանակ ունենալու համար, ըստ Մելիք –Վահանյանի, Կենտրոն համատիրության հետ նախկինում պայմանագիր են ունեցել: Բաղրամյան 1 շենքի բնակիչների կողմից էլ համաձայնագիր ունեն, որ նրանք դեմ չեն իրենց շենքի պատին գովազդային վահանակ տեղադրելուն: Կատարվածը խիստ զարմացրել է ընկերությանը։
«Քաղաքապետարանից և համատիրությունից ոչ մի ծանուցում չենք ստացել՝ գրավոր, թե բանավոր: Չեն զգուշացրել, ուղղակի եկել ու ապամոնտաժել են»,- ընդգծեց նա:
Հակոբ Մելիք-Վահանյանը ոստիկանություն է դիմել, ոստիկանները եկել ու արձանագրություն են կազմել։
«Ա1+»ի հետ զրույցում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի համակարգող Տաթև Զորյանը թեմայի առնչությամբ պարզաբանեց.
«Հաշվի առնելով բազմաբնակարան շենքի պատին գովազդային վահանակներ ունենալու թույլտվության և համապատասխան փաստաթղթերի բացակայությունը, նաև հիմք ընդունելով Բաղրամյան 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչների առարկությունն իրենց շենքի պատին գովազդային վահանակների առկայության առնչությամբ (առկա են շենքի բնակիչների ստորագրությունները)՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը «Կենտրոն 1» համատիրության հետ համատեղ իրականացրել է ապօրինի գովազդային վահանակների ապամոնտաժումը։ «ԷԳԱ» ՍՊԸ-ին գրավոր ծանուցումն ուղարկվել է դեռևս մեկ տարի առաջ, ինչի համար հիմք է հանդիսացել կազմակերպության կողմից պարտավորությունների չկատարումը»։
Հակառակ այս պարզաբանմանը, մեզ հետ զրույցում Հակոբ Մելիք-Վահանյանը նշեց, որ մեկ տարի առաջ ընկերությանը նման ծանուցում չի ուղարկվել, և հավելեց, որ մոտ մեկ ամիս առաջ քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման եվ գովազդի վարչությունից իրենց տեղեկացրել են, որ պետք է շենքի արտաքին գովազդները հեռացվեն:
«Իրենք ասացին, որ շենքի պատի գովազդները մաքրում ենք, մենք էլ ասացինք՝ խնդիր չկա, մաքրեք բոլորինը, ոչ թե միայն մեկ կազմակերպությանը, երբ որ բոլորը կհանեն, մենք էլ կհանենք: Ասացին՝ լավ, մենք բոլորը մաքրում ենք ու ծանուցենք, դուք գնացեք, ձեր վահանակը հանեք: Ասացինք՝ խնդիր չկա, երբ որ ծանուցեք, հաջորդ օրը դա այդտեղ չի լինի։ Բայց առանց ծանուցելու՝ ինչ-որ կազմակերպության պատվիրեցին հեռացնել վահանակը»,- պարզաբանեց նա:
Ընկերության աշխատակիցը հավելեց, որ վերջին շրջանում երբևէ շենքի բնակիչներից դժգոհություններ չեն ստացել: Ընկերության հետ Կենտրոն համատիրության պայմանագիրը դադարեցվել է, քանի որ, ըստ Հակոբ Մելիք -Վահանյանի, արտաքին գովազդ տեղադրելու համար գները բարձրացել են, ինչին ընկերությունը համաձայն չի եղել: Ընկերությունը շարունակել է վճարել գովազդի համար սահմնանված տեղական տուրքը:
Մանրամասն՝ տեսանյութում