Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Հասարակություն

Լրատվամիջոցների հաշվառումը ռիսկ է, որ պետությունը կարող է միջամտել դրանց գործունեությանը. Շուշան Դոյդոյան (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը օրերս քննարկման է ներկայացրել Լրատվամիջոցների վերաբերյալ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է լրատվամիջոցներին հաշվառել պետռեգիստրում. փոխարենը այդտեղից տվյալները ցանկացած ժամանակ կստանան անվճար՝ առանց պետական տուրք մուծելու (https://www.e-draft.am/projects/1772):

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանի կարծիքով՝ լրատվամիջոցների հաշվառումը կամ գրանցումը ռիսկ է, որ պետությունը կարող է միջամտել դրանց գործունեությանը.

«Մենք չենք ասում, որ՝ այո, կառավարությունն այսօր նման ցանկություն ունի, բնավ ոչ, բայց կա պոտենցիալ ռիսկ, որ վաղը ցանկացած պահի հնարավոր է անհարկի միջամտություն լինի պետության կողմից: 2003թվականին, երբ ընդունվեց Զանգվածային լրատվության մասին օրենքը, հաշվառման գաղափարը իսպառ մերժվեց եւ չընդգրկվեց օրենքի նախագծում, որն էլ ուժի մեջ մտավ 2004 թվականի հունվարից: Այսինքն՝ մի գաղափար, որը մերժվել է, նպատակահարմար այլեւս չի համարվել ընդգրկվել զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող հիմնական ակտում, ո՞րն է խնդիրը, որ հիմա՝ 16 տարի անց, հասկանում են, որ դա կարեւոր է, անհրաժեշտ է եւ միակ լուծումն է, բնավ ոչ»:

Արդյո՞ք համարժեք փոխզիջում չէ, որպեսզի մի կողմից պետությունը հնարավորություն ունենա հասկանալու՝ որոնք են լրատվամիջոցներ, որոնք՝ ոչ։ Մյուս կողմից՝ լրատվամիջոցները հնարավորություն կունենան անվճար եւ անկաշկանդ ստանալու ինֆորմացիա։

«Այստեղ մի քանի խնդիր եմ տեսնում. առաջինը՝ մենք մեր օրենսդրության մեջ ժամանակակից պահանջներին համապատասխանող սահմանում չունենք՝ ո՞րն է լրատվամիջոցը, եւ ո՞վ է լրագրողը: Սա է առաջնայինը, սա պետք է մենք ձեւակերպենք եւ հետո նոր դրանից ածանցվող մյուս խնդիրներին փորձենք կարգավորում տալ»,-նշեց Շուշան Դոյդոյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարի խոսքով՝ հակասություն կա Տեղեկատվության ազատության մասին օրենքի եւ Արդարադատության նախարարության առաջարկած նախագծի միջեւ:

Մանրամասները՝ տեսանյութում: