Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պետք է չեզոքություն պահպանենք. քաղաքագետը՝ Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)

Երեկ  Վաշինգտոնում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, իսկ Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր ժողովի աշխատանքը  տապալվեց։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը «Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով Վրաստանում տեղի ուենցածին, ասաց, որ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ռուսաստանը Վրաստանի մեծագույն թշնամին է։

«Բայց նաև ես չեմ ընդունում վրացական կողմի այդ քայլը։ Կամ Ռուսաստանի պատգամավորներին ընդհանրապես չպետք է կանչեին, կամ էլ, եթե կանչել են պատգամավորներին, պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերեն»,- նշեց նա։

Քաղաքագետի խոսքով՝ այդ միջադեպից ընդդիմությունը փորձեց օգտվել և իշխանության նկատմամբ ճնշումներ գործադրել։ Վարդանյանը պատահական չի համարում, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ արեց ոստիկանությանը չենթարկվել իշխանություններին։ «Պետք է չեզոքություն պահպանենք, որովհետև, իրոք, երկու երկրներն էլ մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունեն և այստեղ, մեծ հաշվով, որևէ անելիք չունենք»,- շեշտեց նա։    

Ամենավատատեսական սցենարով, ըստ Վարդանյանի, Վրաստանում կարող է հեղափոխություն լինել։

Մինսկի խմբի համանախագահության ներքո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Վաշինգթոնում տեղի ունեցած հանդիպման մասին։

Հարցին, թե արդյո՞ք հանդիպման նպատակը Արցախյան հիմնահարցն էր, թե՞ ընդհանուր առմամբ տարածաշրջանը, մասնավորապես՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունները, քաղաքագետը պատասխանեց, որ հանդիպումը կապված է եղել բացառապես ԼՂ հակամարտության խնդրի հետ.

«ԱՄՆ-Իրան հարաբերություններում նույնիսկ շատ հզոր գերտերությունները չեն կարողանում աջակցել խնդրի լուծմանը, այնպես որ Հարավային Կովկասի երկրներն այստեղ անելիք չունեն»։

Հարցին, թե արդյո՞ք Բոլթոնի թվիթերյան գրառումը՝ կապված տարածաշրջանում ամերիկյան աջակցությամբ խաղաղության հաստատմանը՝ առանց հղում անելու Մինսկի խմբի համանախագահությանը, այլ ենթատեքստ է պարունակում, պատասխանեց. «Կարելի է ենթատեքստ փնտրել, որովհետև Մինսկի խմբի համանախագահներից Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ քայլեր է ձեռնարկում՝ իր դերը մեծացնելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»։

Մանրամասները՝ տեսանյութում