Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Հակաքոչարյանական ակցիայի մասնակիցներից ոմանք սադրիչներ են տեսնում իրենց շարքերում

Վերաքննիչ դատարանի մոտ ակցիա անելու կոնկրետ  նպատակն է, որ աշխարհին ցույց տան, որ Քոչարյանը քաղբանտարկյալ ու հերոս չի, ինչպես ներկայացնում են Քոչարյանի աջակիցները: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի դեմ Վերաքննիչ դատարանի դիմաց ակցիա անող քաղաքացի Արթուր Մովսիսյանը:

 «Մենք ցույց ենք տալիս, որ նա ընդամենը քրեական հանցագործ է և պետական դավաճան: Իսկ թե ընթացքում ինչեր են եղել, ինչ առճակատումներ են եղել, թե քոչարյանական թևի հետ, թե ներքին անհամաձայնություններ են եղել պահի տակ, դա ընդունելի է և նորմալ, քանի որ ակցիան ինքնաբուխ է: Այնտեղ կան տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, տարբեր մտածելակերպի տեր մարդիկ, կանայք կան, որ երկու կողմից էլ իրենց ոչ ադեկվատ են պահում»,- ասաց Արթուր Մովսիսյանը:

Խոսելով նաև մի քանի օր առաջ դատարանի դիմաց պատնեշներն անցնել փորձող երիտասարդների և այդ օրն իր այն հայտարարության մասին, որ գնան Կառավարության շենքի մոտ՝ Մովսիսյանն ասաց, որ դա ուղղորդված չի եղել որևէ մեկի կողմից: Նրա խոսքերով՝ դա եղել է  պարտադրված քայլ,  քանի որ Քոչարյանի 4 փաստաբանները սաբոտաժ էին անում, չէին ենթարկվում դատավորին և նրա պահանջներին, ինչից հետո  իրենք որոշեցին գնալ Կառավարություն և լիազորեն վարչապետին՝ դիմելու կոշտ, գործուն միջոցների:

Այնուհետև  իր  և ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի միջև քննարկում է ծավալվել և տեսնելով, որ  ժողովուրդը որոշում է մնալ  դատարանի մոտ, մնացել են այնտեղ:

Արթուր Մովսիսյանը նշում է, որ մոտեցումների տարբերություն է  եղել:   

Ասուլիսին ներկա մեկ այլ ակտիվիստ Մովսես Ջանբազյանը ևս ասաց, որ շրջանառվող լուրերը,  թե վերոնշյալ ակցիաները կազմակերպվում են այս կամ այն կողմից, չի համապատասխանում իրականությանը:

«Էդ տարաձայնությունների վերաբերյալ՝ մենք համախոհներ ենք, իմ համար դուշման կա ՀՀ-ից դուրս, այն, որ Քոչարյանը կատարել է վատ արարքներ, նա թշնամի է, բայց իր աջակիցները մոլորյալ մարդիկ են ու չեն հասկանում՝  ում են պաշտպանում: Ես միշտ կոչ եմ անում, որ նրանց չվիրավորեն»,- ասաց Մովսես Ջանբազյանը:

Նա նաև ասաց, որ ոստիկանության կողմից կողմնապահության դեպքեր են եղել, որ միջադեպերի ժամանակ միշտ զսպում է իրենց կողմնակիցներին:

Այնուհետև խոսեց ակտիվիստ Հարութ Ֆարիշյանը, որն, անդրադառնալով  Ջիվան Աբրահամյանին, ասաց, որ իր կարծիքով՝ Ջիվանը իրենց ընտրած ճանապարհը փորձում է  տանել այլ ուղղությամբ, ինչը ինքը չի ողջունում:

«Անձամբ ես չեմ հիշում որևէ ակցիա, որտեղ նա ներկա է եղել իր ընկերների հետ, այդ հանրահավաքների ընթացքում չլինեին բախումներ, լարված իրավիճակներ:  Ջիվանը Աբրահամյանը սադրիչ գործողություններ է անում, չեմ կարող ասել՝ միտումնավոր է անում, թե չէ: Ջիվան Աբրահամյանը ինձ ներկայացնում է որպես հականիկոլական»,- ասաց ակտիվիստը՝ հավելելով, որ ինքը որևէ կուսակցության անդամ չի, բայց ունի իր համակրած կուսակցությունը: Ասուլիսին հրավիրվել էր նաև Ջիվան Աբրահամյանը: Ու նրա խոսելու ժամանակ վերոնշյալ երեք քաղաքացիները դուրս եկան ասուլիսի սրահից:

Աբրահամյանն էլ, անդրադառնալով իրենից առաջ խոսող երեք ակտիվիստներին, ասաց, որ  Արթուր Մովսիսյանին համարում է պայքարի մարդ ու պայքարի ընկեր: Սակայն նրա՝  Կառավարության մոտ գնալու հայտարարությունը  լուրջ չի համարում:  Մովսեսի խոսքերին անդրադառնալով՝ Ջիվան Աբրահամյանն ասաց, որ  ոստիկանները կողմնապահ մոտեցում չեն ցույց տալիս:

 Ինչ վերաբերում է  Հարութ Ֆարիշյանին՝ Ջիվան Աբրահամյանն ասաց, որ առաջին օրը, երբ գնացել է դատարանի մոտ, այնտեղ կոնֆլիկտ է  եղել, և ինքը խնդրել է իր տեսակետն ունեցող մարդկանց մոտենալ դատարանին:

«Եվ ուզել եմ ցույց տալ, որ Ռոբերտ Քոչարյանը երբ մտնում է դատարան, միայն ծափ տվողները չեն, այս ամենը սկսվելէ  այդտեղից:  Հարութի արածը համարում եմ  կա՛մ անգրագիտություն, կա՛մ Քոչարյանի կողմից ուղղորդված գործողություն: Մենք կասկածներ ունենք  այդ անձի շուրջ»,- ասաց Ջիվան Աբրահամյանը: