Հակաքոչարյանական ակցիայի մասնակիցներից ոմանք սադրիչներ են տեսնում իրենց շարքերում
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ դատարանի մոտ ակցիա անելու կոնկրետ նպատակն է, որ աշխարհին ցույց տան, որ Քոչարյանը քաղբանտարկյալ ու հերոս չի, ինչպես ներկայացնում են Քոչարյանի աջակիցները: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի դեմ Վերաքննիչ դատարանի դիմաց ակցիա անող քաղաքացի Արթուր Մովսիսյանը:
«Մենք ցույց ենք տալիս, որ նա ընդամենը քրեական հանցագործ է և պետական դավաճան: Իսկ թե ընթացքում ինչեր են եղել, ինչ առճակատումներ են եղել, թե քոչարյանական թևի հետ, թե ներքին անհամաձայնություններ են եղել պահի տակ, դա ընդունելի է և նորմալ, քանի որ ակցիան ինքնաբուխ է: Այնտեղ կան տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, տարբեր մտածելակերպի տեր մարդիկ, կանայք կան, որ երկու կողմից էլ իրենց ոչ ադեկվատ են պահում»,- ասաց Արթուր Մովսիսյանը:
Խոսելով նաև մի քանի օր առաջ դատարանի դիմաց պատնեշներն անցնել փորձող երիտասարդների և այդ օրն իր այն հայտարարության մասին, որ գնան Կառավարության շենքի մոտ՝ Մովսիսյանն ասաց, որ դա ուղղորդված չի եղել որևէ մեկի կողմից: Նրա խոսքերով՝ դա եղել է պարտադրված քայլ, քանի որ Քոչարյանի 4 փաստաբանները սաբոտաժ էին անում, չէին ենթարկվում դատավորին և նրա պահանջներին, ինչից հետո իրենք որոշեցին գնալ Կառավարություն և լիազորեն վարչապետին՝ դիմելու կոշտ, գործուն միջոցների:
Այնուհետև իր և ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի միջև քննարկում է ծավալվել և տեսնելով, որ ժողովուրդը որոշում է մնալ դատարանի մոտ, մնացել են այնտեղ:
Արթուր Մովսիսյանը նշում է, որ մոտեցումների տարբերություն է եղել:
Ասուլիսին ներկա մեկ այլ ակտիվիստ Մովսես Ջանբազյանը ևս ասաց, որ շրջանառվող լուրերը, թե վերոնշյալ ակցիաները կազմակերպվում են այս կամ այն կողմից, չի համապատասխանում իրականությանը:
«Էդ տարաձայնությունների վերաբերյալ՝ մենք համախոհներ ենք, իմ համար դուշման կա ՀՀ-ից դուրս, այն, որ Քոչարյանը կատարել է վատ արարքներ, նա թշնամի է, բայց իր աջակիցները մոլորյալ մարդիկ են ու չեն հասկանում՝ ում են պաշտպանում: Ես միշտ կոչ եմ անում, որ նրանց չվիրավորեն»,- ասաց Մովսես Ջանբազյանը:
Նա նաև ասաց, որ ոստիկանության կողմից կողմնապահության դեպքեր են եղել, որ միջադեպերի ժամանակ միշտ զսպում է իրենց կողմնակիցներին:
Այնուհետև խոսեց ակտիվիստ Հարութ Ֆարիշյանը, որն, անդրադառնալով Ջիվան Աբրահամյանին, ասաց, որ իր կարծիքով՝ Ջիվանը իրենց ընտրած ճանապարհը փորձում է տանել այլ ուղղությամբ, ինչը ինքը չի ողջունում:
«Անձամբ ես չեմ հիշում որևէ ակցիա, որտեղ նա ներկա է եղել իր ընկերների հետ, այդ հանրահավաքների ընթացքում չլինեին բախումներ, լարված իրավիճակներ: Ջիվանը Աբրահամյանը սադրիչ գործողություններ է անում, չեմ կարող ասել՝ միտումնավոր է անում, թե չէ: Ջիվան Աբրահամյանը ինձ ներկայացնում է որպես հականիկոլական»,- ասաց ակտիվիստը՝ հավելելով, որ ինքը որևէ կուսակցության անդամ չի, բայց ունի իր համակրած կուսակցությունը: Ասուլիսին հրավիրվել էր նաև Ջիվան Աբրահամյանը: Ու նրա խոսելու ժամանակ վերոնշյալ երեք քաղաքացիները դուրս եկան ասուլիսի սրահից:
Աբրահամյանն էլ, անդրադառնալով իրենից առաջ խոսող երեք ակտիվիստներին, ասաց, որ Արթուր Մովսիսյանին համարում է պայքարի մարդ ու պայքարի ընկեր: Սակայն նրա՝ Կառավարության մոտ գնալու հայտարարությունը լուրջ չի համարում: Մովսեսի խոսքերին անդրադառնալով՝ Ջիվան Աբրահամյանն ասաց, որ ոստիկանները կողմնապահ մոտեցում չեն ցույց տալիս:
Ինչ վերաբերում է Հարութ Ֆարիշյանին՝ Ջիվան Աբրահամյանն ասաց, որ առաջին օրը, երբ գնացել է դատարանի մոտ, այնտեղ կոնֆլիկտ է եղել, և ինքը խնդրել է իր տեսակետն ունեցող մարդկանց մոտենալ դատարանին:
«Եվ ուզել եմ ցույց տալ, որ Ռոբերտ Քոչարյանը երբ մտնում է դատարան, միայն ծափ տվողները չեն, այս ամենը սկսվելէ այդտեղից: Հարութի արածը համարում եմ կա՛մ անգրագիտություն, կա՛մ Քոչարյանի կողմից ուղղորդված գործողություն: Մենք կասկածներ ունենք այդ անձի շուրջ»,- ասաց Ջիվան Աբրահամյանը: