Առանց մրցանակի
Աջակցիր «Ա1+»-ինՍերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Ցավոք, մեր թիմերին չհաջողվեց մրցանակակիր դառնալ, թեեւ դրա համար կային լավ հնարավորություններ:
Տղամարդկանց մրցաշարում ավարտական տուրից առաջ բավական խճճված վիճակ էր ստեղծվել մրցաշարային աղյուսակում: Այն 13-ական միավորով գլխավորում էին Ռուսաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Հինգ երկրներ` Ուկրաինան, Հայաստանը, Հոլանդիան, Իսպանիան եւ Իսրայելը վաստակել էին 11-ական միավոր: 3-րդ տեղը զբաղեցնելու համար Հայաստանի հավաքականին հարկավոր էր հաղթել գերխոշոր հաշվով, քանի որ բոլոր պարտիաներում վաստակած միավորների քանակով (19) մերոնք զիջում էին ուկրաինացիներին (20): Հայաստանի ընտրանին թեեւ հաղթեց Շվեյցարիայի թիմին` 2,5:1,5, սակայն այդպես էլ մնաց 4-րդ հորիզոնականում, քանի որ ուկրաինացիներն ավելի վստահ հաղթանակ տարան Իսրայելի հավաքականի նկատմամբ` 3:1:
Անսպասելի Եվրոպայի չեմպիոն դարձավ Ադրբեջանի հավաքականը, որը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Հոլանդիայի թիմին եւ վաստակեց 15 միավոր: Իսկ ահա մրցաշարի առաջատար Ռուսաստանի հավաքականն անակնկալ ոչ-ոքի խաղաց իսպանացիների հետ (2:2) եւ 14 միավորով դարձավ արծաթե մեդալակիր:
Հայաստանի կանանց հավաքականը ավարտական տուրից առաջ 11 միավորով 3-րդ տեղում էր ընթանում: Նույնքան միավոր ուներ նաեւ Ուկրաինայի ընտրանին: Վերջին տուորւմ մեր շախմատիստուհիները մրցեցին մրցաշարի առաջատար Ռուսաստանի հավաքականի հետ, իսկ ուկրաինուհիներն ավելի թույլ մրցակցի` Չեխիայի հետ: Ցավոք, մեր հավաքականը պարտվեց վճռական խաղում`1,5:2,5, եւ զբաղեցրեց ընդամենը 5-րդ տեղը, իսկ Ուկրաինան խաղաղ դաշն կնքեց եւ դարձավ բրոնզե մեդալակիր: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի ընտրանին, իսկ 2-րդ տեղը զբաղեցրեց Վրաստանի թիմը: