Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նաիրա Հարությունյանի ասածն ինձ համար Աստվածաշունչ չէ, որ ես անվերապահ հավատամ. Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մերկապարանոց հայտարարություն որակեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանի խոսքերը, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ծանուցագիրը պատռել է:

«Քննչական կոմիտեի մամուլի խոսնակի ասածն ինձ համար Աստվածաշունչ չի, որ ես անվերապահ հավատամ»,- նկատեց պատգամավորը:

Պետրոսյանը կասկած հայտնեց, թե Գագիկ Ծառուկյանը ծանուցագիրը պատռել է:

«Դա պետք է ապացուցել, ո՞վ է ասել, որ եղել է»: 

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է կանչվել՝ հունիսի 8-ին Աբովյանում տեղի ունեցած հրկիզման դեպքի առիթով։

 «Գագիկ Ծառուկյանը պետական ինստիտուտների նկատմամբ հարգանք ունեցող մարդ է, ինքը որևէ խնդիր չունի խուսափելու որևէ պրոցեսից»,- շեշտեց ԲՀԿ-ական պատգամավորը: 

Գևորգ Պետրոսյանը հակված է մտածելու, որ  Աբովյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի ղեկավարի ավտոմեքենայի հրկիզումը բեմադրված է:

Նշենք, որ հունիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ այդ գործը սարքած է:   

ԲՀԿ պատգամավորն անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին: Այս պահին խորհրդարանում տեղի է ունենում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և Վահե Գրիգորյանի հանդիպումը:

Գևորգ Պետրոսյանը ՍԴ անդամի թեկնածուին հարց է ուղղել, որի պատասխանը իրեն չի գոհացրել: Նա վստահ չէ, որ Վահե Գրիգորյանը, ՍԴ դատավոր ընտրվելու պարագայում, քաղաքական ուղղորդմամբ չի ղեկավարվելու:

«Ես իրեն հարց եմ տալիս՝ Դուք այն տեսակետը ընդունո՞ւմ եք, որ Սահմանադրական դատարանի կազմը պիտի համալրվի քաղաքական կոմպոնենտով։ Ինքը չասաց, որ չի ընդունում այդ տեսակետը»,- պարզաբանեց պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանը մտադիր է դեմ քվեարկել նրա թեկնածությանը, բայց վերջնական որոշում կկայացնի խմբակցությունում այդ հարցը քննարկելուց հետո: