Բացել լրահոսը Փակել լրահոսը
shsu-
A A
Հասարակություն

Նախարարը ցանկանում է այլ բուհ ստեղծել՝ իրենց նախընտրած կանոնադրությամբ ու ռեկտորով. Գ. Համբարյան

Օրերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ Շիրակի պետական համալսարանում տիրող վիճակը որակել էր խայտառակություն՝ նշելով, որ այն կամ կլուծարվի կամ կմիանա այլ համալսարանի: Նախարարի հայտարարությանը հաջորդեց ՇՊՀ-ի Գիտական խորհրդի պատասխանը, որում խորհուրդը նախարարի ներկայացված տեղեկատվությունը համարում էր կողմնակալ և ընտրողական։

Այս կապակցությամբ « Ա1+»-ը զրուցեց  ՇՊՀ համալսարանի պատմության դասախոս Գագիկ Համբարյանի հետ: Դասախոսը նշում է, որ նախարարի՝ բուհը լուծարելու ցանկությունը պարզ դարձավ, երբ Շիրակի համալսարանի ռեկտորի երկրորդ ընտրությունները տապալվեցին: Նրա կարծիքով՝ նախարարի այդ վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ վերջինը ցանկանում է այլ բուհ ստեղծել, որը կունենա իրենց ուզած կանոնադրությունը և իրենց նախընտրած ռեկտորը:

Դասախոսը վստահ է, որ բուհի լուծարումը ձեռնտու է նաև բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին, քանի որ բուհում իր ղեկավարության տարիներին շատ անօրինակություններ են եղել, այդպիսով նա կարող է այդ անօրինականությունները թաքցնել:

«Երեկ Գիտխորհրդի քննարկման ժամանակ երեք հոգի է դեմ քվեարկել՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, բուհի իրավաբան Արտաշես Հովհաննիսյանը և դասախոս Սամվել Սարգսյանը:

 Այսպիսով, Արայիկ Հարությունյանը ստացել է իր հարցի պատասխանը՝ բուհում կա երկու խումբ: Մի խումբը ուզում է, որ բուհը պահպանվի, իսկ մյուս խումբը ցանկանում է, որ բուհը լուծարվի»,- ասաց նա։

Գագիկ Համբարյանին զարմացնում է այն փաստը,  որ ՊՎԾ-մ տարբեր բուհերում ստուգումներ է անցկացնում, մինչդեռ 2017 թվականից խոսվում է ՇՊՀ-ում եղած անօրինականությունների մասին, սակայն այնտեղ ստուգումներ չեն անցկացվում։ Դասախոսի կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ նախկին ռեկտորը լավ հարաբերությունների հետ է ներկայիս իշխանության հետ:

 Ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանն էլ, Համբարյանի խոսքով, որքան էլ լավ մասնագետ լինի, լավ կառավարող չէ.

«Այս բացիթողի վիճակը պայմանավորված է նաև նրա անձով»,- ասաց նա: