Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

19,5 տոկոսն անբավարար է ստացել  հայերենի միասնական քննությունից (տեսանյութ)

Հասարակություն
qnnutyunner1-3

Հայոց լեզվի եւ գրականության միասնական քննությունից դիմորդների միայն 9.2 տոկոսը կամ 493 հոգի  է  հավաքել 18-20 միավոր։ 5370 դիմորդից  1045-ը ստացել է 7.5-ից ցածր միավոր։  Նախորդ տարվա  համեմատ արդյունքներն ավելի ցածր են, թեեւ համեմատությունն անելն այնքան էլ ճիշտ չէ։  Անցած տարի քննությանը մասնակցել է  գրեթե երկու անգամ քիչ՝ ընդամենը 2715 շրջանավարտ։

Այս տարի  մինչ  պաշտոնապես արդյունքների հրապարակումներն արդեն դիմորդներն ու ծնողները բողոքում էին  հարցաշարի բարդությունից։

Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի  Հայոց լեզվի դասավանդման ամբիոնի դասախոս Ռուզան Ջուլֆայանը համամիտ է դիմորդների հետ։

«Ա1+»-ի հետ զրույցում նա ընդգծում է, որ հայոց լեզվի շտեմարանները տարիներ շարունակ կազմվել են բավականին խճճված հարցադրումներով։

«Ամեն անգամ ապշել եմ, թե ինչու պետք է թեստերը կազմվեն բարդության այդ աստիճանով, պնդումների փնջերը,  ձևաբանական –շարահյուսական առաջադրանքները, հնչյունաբանական նրբագույն հարցերը ավելի խճճում են ուսանողին, նույնիսկ ավելի շատ ատելություն են սերմանում մայրենի լեզվի նկատմամբ, քան գիտելիք ստուգում»,-ասում  է նա։

Դասախոսը համոզված է, շտեմարանների բարդ լինելը հաճախ ստիպում է ուսանողին անգիր անել հարցերը, որպեսզի կարողանա հաղթահարել  թեստերը։

Շտեմարաններում առկա են հարցեր, որոնք բարդ են անգամ բանասիրական  ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների համար։ 

«Երբեմն հետևելով շտեմարաններում առկա նյութին ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դասախոսը ուզում է իր հնարավորությունները ցույց տալ: Սակայն ես կասկածում եմ, որ այդ շտեմարան կազմող հեղինակները մտել են դպրոց և ծանոթ են դասավանդվող նյութին։ Այլապես ինչպե՞ս կարող են այսքան խճճված բազմաբաղադրիչ բարդ նախադասություններ դնել, որին հազիվ պատասխանի բանասիրականի ուսանողը»,- շարունակում է նա։

Մասնագետը նաև սխալ է համարում այն մոտեցումը, որ քննական թեստերը նույնն են տարբեր ֆակուլտետների դիմորդների  համար: 

Սա հատկապես մարտահրավեր է ավագ դպրոցների մաթեմատիկական և բնագիտական հոսքերում սովորող աշակերտների համար։ Եթե նրանք չպարապեն կրկնուսույցների մոտ, ընդհանրապես  հնարավորություն չեն ունենա ուսանող դառնալու։ Այս դեպքում խոսելն ավելորդ է անվճար համակարգ ընդունվելու մասին։