Բացել լրահոսը Փակել լրահոսը
թոշակ
A A
Հասարակություն

Հոնորար ստացած քաղաքացիները թոշակ չեն ստանա. Անահիտ Գալստյան (տեսանյութ)

Մինչեւ 2013 թվականի հունվարի մեկը հոնորարային կարգով աշխատած քաղաքացիները կենսաթոշակային տարիքում կզրկվեն թոշակից:

«Ա1+»-ը կենսաթոշակային խնդրահարույց հարցերի շուրջ զրուցել է ՀՀ Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային վարչության պետ Անահիտ գալստյանի հետ:

«2013թվականի հունվարի մեկից հետո հոնորարային կամ քաղաքացիա-իրավական պայմանագրով աշխատող քաղաքացիները այդ խնդրի առջեւ չեն կանգնի: Քաղաքացիա-իրավական պայմանագրով աշխատողների մոտ խնդիր կա, աշխատանքի խնդիր, թե ի՞նչ ժամանակահատվածում կկատարվի այդ աշխատանքը՝ մեկ ամսում, մեկ տարում, թե հինգ տարում: Կստանա միանվագ վճար, կստանա հինգ տարվա ընթացքում: Այս բոլոր տվյալները մենք ունենք 2013թվականից հետո, իսկ մինչ 2013 թվականը հոնորարով աշխատած քաղաքացիների ստաժը հաշվարկվում է, եւ նրանք այդ տարիների համար կենսաթոշակ չեն ստանա»,-ասաց Անահիտ Գալստյանը:

Աշխատանքային պայմանագիր կնքած քաղաքացիները նման խնդրի առաջ չեն կանգնի: Սակայն 1992թվականից մինչեւ 2013թվականի հունվարի մեկը աշխ.պայմանագրով աշխատածների մոտ այլ հարցեր են առաջանում: Դեպքեր են լինում, երբ վարձու աշխատողները կորցրած են լինում իրենց աշխատանքային գրքույկները, կամ տվյալ կազմակերպությունն արդեն չի գործում:

«Թոշակավորման գործընթացի համար պահանջվող փաստաթղթերը դիտարկենք ըստ ժամանակահատվածների՝ մինչեւ 1992թվականը, 1992 թվականից մինչեւ 2013 թվականը, եւ 2013թ. հունվարի մեկից հետո: Այս դեպքում պիտի ունենանք մարդու աշխատելը հավաստող փաստաթղթեր: Դա բնականաբար առաջին հերթին աշխատանքային գրքույկն է: 2017թվականի հունվարի մեկից արդեն աշխատանքային գրքույկները չենք վարում: Մինչեւ 92 թվականը աշխատած ժամանակահատվածը հավաստվում է  է բացառապես աշխատանքային գրքույկով: Այսինքն՝ կա աշխատանքային գրքույկ,  այն լրացված է այն ժամանակվա գործող կանոնների համաձայն՝ ամսաթիվ, ստորագրություն, կնիք, այլ փաստաթուղթ չի պահանջվում: Այդքանը բավարար է, որ մինչեւ 92 թվականի հունվարի մեկն ընկած աշխատանքային ստաժը հաստատվի»,-նշեց Անահիտ Գալստյանը:

Հաջորդ ժամանակահատվածը 92-ից մինչեւ 2013 թվականն է, սա ամենախոցելի ժամանակահատվածն է՝ ստաժը հավաստելու համար,-ասում է Կենսաթոշակային վարչության պետը, քանի որ այս ժամանակահատվածում քաղաքացիները փաստաթղթերի խնդիր են ունենում:

 «Սա այն ժամանակահատվածն է, մանավանդ 90-ականների սկզբի ժամանակահատվածը, երբ ամեն ինչ ֆորմալ ձեւակերպված էր, բայց մարդը չէր աշխատում, աշխատավարձ չէր ստանում: Կամ պարզապես էսպես նորմալ հսկողություն չէր գնում, եւ աշխատանքային գրքույկում կատարվում էին գրանցումներ առանց աշխատելու փաստի: Հիմա որպեսզի կարողանանք տարբերակել աշխատած լինելու ժամանակահատվածը աշխատած չլինելու ժամանակահատվածից, բացի աշխատանքային  գրքույկից, օրենսդրությամբ պահանջվում է լրացուցիչ ունենալ նաեւ այլ փաստաթղթեր, որոնք կհավաստեն աշխատավարձ ստանալը կամ սոցիալական վճար կատարելը: Նույն պահանջը դրված է նաեւ 2013թվականից հետո»:

Ի՞նչ անի կենսաթոշակառուն, եթե կազմակերպությունը,  գործարանը կամ արատադրամասը՝ իր աշխատավայրը փակվել է կամ չի գործում:

«Մենք կենսաթոշակառուին փորձում ենք օգնել նաեւ այն դեպքում, երբ նա աշխատանքային գրքույկը  կորցրել է, կամ վերջին գործատուն անպարտաճանաչ է գտնվել եւ կորցրել է, բայց կենսաթոշակառուն հիշում է , որ այս թվականից այն թվականը աշխատել է այսինչ կազմակերպությունում: Ինչո՞վ ենք օգնում մենք քաղաքացուն: Նայում ենք՝ մեզ մոտ այդ քաղաքացու գործատուն որպես ապահովադիր հաշվառված է, թե ոչ: Եթե կա՝ խնդիրը լուծվեց: Եթե չկա, ապա հարցում ենք անում աշխատավարձ ստանալու մասին Ազգային արխիվ:  Արխիվն է նայում իր փաստաթղթերը: Եթե կա, ապա դրա հիման վրա մենք ստաժը հաշվում ենք: Եթե արխիվում էլ չկա, ապա քաղաքացու հաջորդ քայլը դատարան դիմելն է: Դատական կարգով աշխատանքային ստաժը հաստատելու հնարավորությունը, այսինքն՝ դատարանում վկաների օգնությամբ կարողանում է հաստատել, որ ինքը աշխատել է այդ տարիներին, եւ այդ տարիները նույնպես ստաժ կհամարվեն, եւ կենսաթոշակառուն կստանա իր թոշակը»,- ասաց նա:

Հայաստանում կենսաթոշակ ստանալու տարիքը 63 տարեկանն է: