Ռուսաստանին հաղթել չհաջողվեց
Աջակցիր «Ա1+»-ինՆովի Սադում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախավերջին' 8-րդ տուրում 1,5:2,5 հաշվով պարտվեց մրցաշարի առաջատար Ռուսաստանի ընտրանուն: Սկզբում Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին, ապա Վլադիմիր Հակոբյանը զիջեց իր մրցակցին: Վերջինն իր պարտիան ավարտեց Տիգրան Լ. Պետրոսյանը, ում այս անգամ չհաջողվեց հաղթանակ տանել, եւ նա բավարարվեց ոչ-ոքիով:
Արդյունքում, մեր հավաքականը կարեւոր միավորներ կորցրեց սկզբունքային մրցակցի հետ խաղում եւ 2-րդ տեղից նահանջեց 4-րդ հորիզոնական: Ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի ընտրանիները, որոնք վաստակել են 13-ական միավոր: Նրանցից երկու միավորով ետ են մնում 5 թիմեր' Ուկրաինան, Հայաստանը, Հոլանդիան, Իսպանիան, Իսրայելը:
Եզրափակիչ տուրում սկզբունքային նշանակություն կունենան Ռուսաստան - Իսպանիա, Հոլանդիա - Ադրբեջան, Իսրայել - Ուկրաինա, Շվեյցարիա - Հայաստան հանդիպումները:
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը պահպանեց 3-րդ տեղը' նախավերջին տուրում ոչ-ոքի խաղալով Ուկրաինայի ընտրանու հետ' 2:2: Մեր թիմին պարտությունից փրկեց Լիլիթ Գալոյանը, որը հաղթելով իր մրցակցին' հավասարացրեց հաշիվը (մինչ այդ Էլինա Դանիելյանը պարտվել էր, իսկ Նելլի Աղինյանը ոչ-ոքի խաղացել): Վերջում Լիլիթ Մկրտչյանը խաղաղ դաշն կնքեց եւ վերջնականապես ստատուս-քվո հաստատեց մրցավեճում:
Մեր շախմատիստուհիներն այժմ իրենց ակտիվում ունեն 11 միավոր: Նրանք կպայքարեն միայն 3-րդ մրցանակային տեղի համար, քանի որ առջեւից ընթացող Ռուսաստանի եւ Վրաստանի թիմերը վաստակել են 14-ական միավոր: 9-րդ տուրում մեր ընտրանին կմրցի հենց առաջատարի' Ռուսաստանի հավաքականի հետ: