Բժիշկները համաձայնություն չեն տվել Մանվել Գրիգորյանին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ. Գրիգորյանի պաշտպան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրկրապահ կամավորների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Երեկ՝ հունիսի 3-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից Մանվել Գրիգորյանին տեղափոխել են «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղից էլ հակառակ նրա կամքի, տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց:
«Քրեակատարողական հիմնարկում 2-3 ժամ պահելով, հասկանալով, որ ստացիոնար բուժման պայմաններ չկան, առանց Մանվել Գրիգորյանի համաձայնության, հարկադիր տարել են դատապարտյալների հիվանդանոց»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Պաշտպանական խումբը ցանկացել է տեսակցել Մանվել Գրիգորյանին, սակայն նրանց չեն թույլատրել:
«Միայն առավոտյան ժամը 4-5-ի կողմերը մեզ հնարավորություն ընձեռվեց տեսնելու մեր պաշտպանյալին, որը մեզ տեղեկացրեց, որ հրաժարվում է դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստանալ: Բայց այսօր, անօրինական կարգով, վերջինս պահվում է դատապարտյալների հիվանդանոցում»,-հավելեց նա:
Պաշտպանը սա որակում է որպես խոշտանգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ:
«Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, պետք է սպասենք անձը մահանա՞, որ հետո փորձենք մեղավորներ ման գալ»,- նկատեց պաշտպանը:
Ի դեպ, ըստ Լևոն Բաղդասարյանի՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկները համաձայնություն չեն տվել Մանվել Գրիգորյանին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ:
«Ոչ միայն համաձայնություն չեն տվել, այլև պարտադիր պայման են դիտել, որ անձը պետք է գտնվի 24 ժամ բժիշկների հսկողության տակ և ստացիոնար բուժում ստանա»,- ասաց Լևոն Բաղդասարյանը և հավելեց, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է իր հարազատների միջոցների հաշվին բուժումը ստանալ «Նաիրի» բժշկական կենտրոնում: