Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սիրիահայ
A A
Քաղաքականություն

Սիրիահայը հայաստանցի կնոջը համոզել է՝ որն է լավագույն խոհանոցը

 «Աշխատող մարդու համար միշտ էլ գործ կա: Ով ասում է, թե չկա, մեկ անգամ փորձելուց հետո  հանձնվել է»:

Այսպես է կարծում  սիրիահայ Հարություն Տեր-Բաղդասարյանը, որն արդեն 7 տարի է՝ ինչ ապրում և աշխատում է Հայաստանում: Վերնիսաժում զբաղվելով զարդերի մշակմամբ ու վաճառքով՝  նա կարողանում է գումար վաստակել և  կենցաղի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել:

  Զարդերի պատրաստման աշխատանքներում նրան օգնում է հայրը: Նրանք փորձում են ստեղծել այնպիսի իրեր, որոնք շատ տարածված չեն, թեև ասում է, որ նույնության այս ժամանակաշրջանում շատ դժվար է դա իրականացնելը:  

Այստեղ ամենաշատը կարոտում է  սիրիական  խոհանոցը։

 «Հայկական խոհանոցը լավագույններից չէ: Նրանք, որոնք այդպես են կարծում, երբևէ  չեն փորձել սիրիական ուտեստներ, և ես, վստահաբար, ասում եմ՝ աշխարհում լավագույնը Հալեպի  խոհանոցն է: Նույնիսկ հայաստանցի կինս է դրանում համոզվել»,-ասում է  նա։

Սիրիահայ Հակոբ Ազելյանը շատ լավ է սա  հասկացել, ուստի Հայաստանում սիրիական խոհանոցի բացը լրացնելու համար  վեց  տարի առաջ հիմնեց  «Դերյան» սիրիական խոհանոց-ռեստորանը: Նա  նույնպես Հայաստան է եկել, երբ սկսվել է սիրիական պատերազմը: Ռեստորանի այցելուները թե սիրիացիներ են և թե տեղացիներ, և նրանք փորձում են համեղ ու հետաքրքիր մնալ պահանջկոտ հասարակության համար: Հաճախորդների նախընտրելի ուտեստներն են  սիրիական հումուսն ու քեբաբի տեսակները:

 Աշխատանքի հետ կապված դժվարություններ է ունեցել  սկզբնական շրջանում, բայց կամքի շնորհիվ կարողացել է հաջողել իր գործում:

 «Հայաստանը բնակվելու և աշխատելու համար թանկ երկիր է՝ Սիրիայի համեմատությամբ: Այստեղ  արտադրություններ չկան, բոլորը վաճառում են»,-ասում  է նա։

Այնուամենայնիվ՝ ուրախ է, որ  դժվարություններից հետո կարողացել է ստեղծել մի ռեստորան, որը միշտ այցելուներ ունի։