Բացել լրահոսը Փակել լրահոսը
Cxelu dem
A A
Հասարակություն

Կա դիմադրություն մեր որոշ գործընկերների կողմից. Թորոսյանը՝ Ծխելու դեմ օրենքի նախագծի մասին (տեսանյութ)

Առանց ծխախոտի համաշխարհային օրվա կապակցությամբ «Ընտրի՛ր առողջությունդ, ոչ թե ծխախոտը» խորագրի ներքո  այսօր Հյուսիսային պողոտայի Եվրոպական հրապարակում տեղի ունեցավ քարոզչական միջոցառում։

Միջոցառմանը մասնակցում էին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցևը և այլք։   

Իր ելույթում Զայցեևը նշեց, որ ծխողները պետք է հասկանան, որ ծխելով ոչ միայն իրենք իրենց են վնաս հասցնում, այլև շրջապատին։ «Ծխող մարդու մոտ քաղցկեղով հիվանդանալը 20 անգամ ավելի է հավանական, քան մարդու մոտ, ով չի ծխում։ Ով ծխում է, թունավորում է իր երեխաների, իր կնոջ թոքերը»,- շեշտեց նա։

Շարփը հայտարարեց, որ համատեղ հնարավոր է հասնել այն նվաճմանը, որով Հայաստանը կազատվի ծխախոտից։

Լրագրողների հետ ճեպազրույցում Արսեն Թորոսյանը դժվարացավ նշել, թե ծխելն արգելելու վերաբերյալ օրենքը երբ կընդունվի, որովհետև կառավարությունը կոլեգիալ մարմին է, և այնտեղ քննարկվելուց հետո միայն համապատասխան օրինագիծը կմտնի Ազգային ժողով՝ քննարկման։

 «Առնվազն մեր մասով օրենքի նախագիծը պատրաստ է, և մենք փորձում ենք այն առաջ խաղացնել կառավարության շրջանակներում։ Անկեղծ կլինեմ. կա դիմադրություն մեր որոշ գործընկերների կողմից, որը մենք փորձում ենք հաղթահարել»,- ընդգծեց առողջապահության գերատեսչության ղեկավարը։ Նախարարի խոսքով՝ որոշ շտկումներ են կատարվում, հիմնավորումներ են ներկայացվում, և որից հետո այն ըստ ընթացակարգի կներկայացվի համապատասխան մարմիների տրամադրության տակ։

Թորոսյանն ասաց, որ դրանում անդրադարձ է կատարված ծխախոտի ցուցադրության սահմանափակմանը, փակ և կիսափակ տարածքներում, շքամուտքներում, կանգառներում, հանրային տրանսպորտում չծխելուն և այլն։