Գիրք թե՞ քաղաքականություն. Փաշինյան VS Քոչարյան
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը գրական պայքարում են: Վերջերս հրատարակված երկու գրքերը հասցրել են գրավել ընթերցողների ուշադրությունը, թեև Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» վեպն առավել պահանջվածներից է։ Դեռևս 2018 թ.-ին, գրքի հրատարակումից հետո, գրականագետները կարծում էին, որ վեպը դառնալու է բեսթսելլեր։ Գրախանութներ և գրադարաններ մեր այցելությունների արդյունքում պարզ դարձավ, որ գիրքն արդեն ամենաընթերցվողների շարքում է, իսկ ընթերցողների հետաքրքրությունը գնալով մեծանում է։ Պատկերն այլ է Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական՝ «Կյանք և ազատություն» գրքի վերաբերյալ, որն սկզբում տպագրվել է ռուսերեն և միայն վերջերս թարգմանվել հայերեն։ Գրախանութի աշխատակիցն ասում է.
«Թեև գիրքը բեսթսելլեր չէ, բայց այն ընթերցողներ կան. օրվա ընթացքում 2 կամ 3 հոգի գնում են այն։ Գրքի հայերեն թարգմանությունից հետո էլ ոչինչ չի փոխվել»:
Ավ. Իսահակյանի կենտրոնական գրադարանում ևս ամենապահանջվածը Նիկոլ Փաշինյանինն է։ Աշխատակիցն այդ հանգամանքը պայմանավորում է հեղինակի քաղաքական կերպարի, ինչպես նաև վարչապետի և վեպում նկարագրված իրադարձությունների մասին ավելի ամբողջական պատկերացում ստանալու հետ։ Գրադարանը չունի Ռ. Քոչարյանի գրքի օրինակը. հարցին՝ ինչու գիրքը միանգամից չեն գնել, ինչպես արել են Նիկոլ Փաշինյանի վեպի դեպքում, պատասխանեցին.
«Գիրքն ամենաընթերցվողներից չէ. մեկ պատվեր ենք ունեցել գրքի հետ կապված, բայց շուտով ձեռք կբերենք այն՝ կարդալ ցանկացողների համար»: