Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արագածավանի միջպետական ճանապարհը և Երևան-Գյումրի երկաթգիծը փակ է. գյուղացիները պահանջում են ոռոգման ջրի սակագնի իջեցում (տեսանյութ)

Հասարակություն

Արագածոտնի մարզի Արագածավան և Լուսակնի գյուղի բնակիչները փակել են Արագածավանի միջպետական ճանապարհը և Երևան-Գյումրի երկաթգիծը, նաև Թալինի ճանապարհը։ Յուրաքանչյուր փակված վայրում 50-ից մոտ 100 մարդ է հավաքված:  Պահանջը՝ ոռոգման ջրի սակագնի իջեցումն է: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լուսակն գյուղի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանը:

1 հա 1 անգամ ոռոգելու համար գյուղացիներից պահանջվում է մինչև 60 000 դրամ, մինչդեռ  անցյալ տարի եղել է 25 000դրամ:

«Օրինակ՝ ես ջրում եմ, իմը կազմում է 50 000, հարևանս ջրում է՝ 60 000, իսկ էն մյուսինն էլ 40 000 դրամ»,- ասում է Նարեկ Հովհաննիսյանը:

 Գյուղերում ոռոգման ջրի խնդիր չկա: Մեր զրուցակիցն ասաց, որ  1 հա յոնջայի եկամուտը կազմում է  100 000-ից մինչև 120 000 դրամ, բայց ծախսերը գերազանցում են ստացած եկամուտին:

Ի դեպ, երեկ Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձել էր գյուղացիների դժգոհություններին, և հորդորել արագածավանցիներին բացել ճանապարհը և իրենց պահանջը տեղափոխել ջրային կոմիտե՝ այնտեղ քննարկելու:

Ի պատասխան նախարարի ելույթին, Նարեկ Հովհաննիսյանը հարցն այսպես պարզաբանեց.

«Նախատեսված է ջրի համար 11 դրամ, իրենք դա են շեշտում, որ չի կարող փոխվել: Վաղուց՝ 1 հա ոռոգելու համար նախատեսած է 1000 մ3 ջուր, գերծախսով նախատեսած է 1800 մ3 ջուր: Մեր հողերն էլ հարամ են, որ գերծախսով էլ հաշվես  1 հա-ի համար կազմում է 20 000 դրամ, բայց 1 հա-ի համար  նախատեսած  է 1000-ից 1200 մ3 ջուր: Իսկ մենք դրա դիմաց տալիս ենք 11 000-ից 15 000 դրամ, բայց իրենք չեն համաձայնում դրան, որովհետև ինչ-որ ժեշտի կտորով ջրաչափ են սարքել, դրել են առվի մեջ  ու ասում են՝ քո ջուրը կազմում է 30 լիտր, 1 օր ջրում ես՝  30 լիտրը դառնում է 28 500 դրամ»:

Գյուղացիները վճռական են տրամադրված, չեն բացի ճանապարհը մինչև, որ իրենց  խնդրին  պատկան մարմինները ուշադրություն չդարձնեն, ընդհուպ պահանջում են վարչապետի հետ հանդիպում:

«Ինչ-որ մեկը, եթե կարողանա այդ հարցը լուծել, թող ներկայանա, բայց հիմա ճանապարհը չի բացվելու»,- հայտնեց Նարեկ Հովհաննիսյանը: