Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախարարն ու պատգամավորը խնդրեցին արագածավանցիներին բացել միջպետական ճանապարհը (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանը կառավարության ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Արագածավան գյուղի հողօգտագործողների խնդրին: Հողօգտագործողները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը և երկաթգիծը ոռոգման ջրի սակագինը վերանայելու պահանջով:

Պատգամավորը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար

Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է հիմնավորված այդ պահանջը և ի՞նչ լուծումներ կան: Ի պատասխան Պապիկյանն ասաց, որ ջրային կոմիտեն ջուրը ստանում են ջրառից 1,1 դրամով և վաճառում հողօգտագործողին 11 դրամով: Նրա խոսքով՝ սա ընդամենը ջրի սակագնի կեսն է և մնացած հատվածը սուբսիդավորում է պետությունը.«Ըստ այդմ ոռոգման ջրի միջինացված գինը կազմում է 22 դրամ»:

Սակայն, նախարարի փոխանցմամբ, սա ինքնահոս եղանակով փոխանցվող ջուրն, իսկ եթե մեխանիկական միջամտությամբ փոխանցվում (խորքային հորերից էլեկտրաէներգիայի, պոմպերի միջոցով), տարբեր տեղերում 1մ3-ը մոտավորապես կազմում է 150 դրամ, նույնիսկ երկու հարյուր. «Օրինակ` Խաչիկ գյուղում դա կազմում է 200 դրամից ավելի»: Կառավարությունը, Պապիկյանի խոսքով, իր տված սուբսիդիայի միջոցով չի կարողանում բավարարել ջրօգտագործողների ընկերության և ջրային կոմիտեի ծախսի ինքնածածկումը, իսկ ջրային կոմիտեի պարտքը ներկայումս կազմում է 20 միլիարդ դրամ:  

«Մենք հիմա մշտադիտարկում ենք իրականացնում ամեն ինչ անելու, որպեսզի մեր կողմից վերահսկելի լինի ջրի ամբողջական հոսքը, այսինքն՝ մենք կարողանանք կառավարել ջրի այն արհեստական կորուստները, որոնք նախկինում եղել են»,- ընդգծեց տարածքային կառավարման և զարգացման նախարարը՝ հավելելով, որ արձանագրել են բազմաթիվ խախտումներ և հարուցել քրգործեր:

Պապիկյանը արգածավանցիներին խնդրեց բացել ճանապարհը և իրենց պահանջը տեղափոխել ջրային կոմիտե՝ այնտեղ քննարկելու: Հարց տվող պատգամավորը նույնպես միացավ նախարարի խնդրանքին: Եզրափակելով Պապիկյանը նշեց, որ Արագածավանի հողերը գերնորմատիվային հողեր են. «Ավելի շատ ջուր են պահանջում, քան այլ վայրերում»:

 Իդեպ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ չեն պատրաստվում բացել ճանապարհը։

 

Մանրամասները տեսանյութում