Կոնդում բարձրահարկ շենքեր չպետք է լինեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում ավարտվեց «Ճամփորդող կոնֆերանսը», որին մասնակցում էին գերմանացի, վրացի և հայ ճարտարապետներ ու փորձագետներ։ Քննարկումը հիմնականում ծավալվեց Կոնդի բարեկարգման շուրջ։ Նրանք այցելել են նաեւ Կոնդ։
Այսօր կոնֆերանսի վերջին օրն էր, եւ մասնակիցները ամփոփել են 4 –օրյա քննարկումները և ներկայացրել իրենց մոտեցումները՝ կարճաժամկետ և միջին լուծումներով: Մոտեցումները եղել են հինգը, քանի որ կոնֆերանսի մասնակիցները բաժանված են եղել 5 խմբի:
«Բոլոր խմբերի մոտ հիմքը նույնն էր՝ այնտեղ ապրող մարդկանց կյանքի բարելավումը: Ոչ մի խումբ չէր պատկերացնում, որ այնտեղ պիտի բարձրահարկ շենքեր լինեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ճարտարապետական շաբաթ Երեւանի» ղեկավար Տաթևիկ Զաքարյանը:
Ամփոփիչ կոնֆերանսին մասնակցել է նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Տաթևիկ Զաքարյանը կարևորեց, որ փորձագետների մոտեցումը համընկել է Կառավարության մոտեցման հետ:
«Բոլորս համակարծիք էինք, որ առաջին հերթին պետք է հետազոտություն արվի և միայն դրանից հետո առաջարկներ լինեն»,- եզրափակեց նա:
Կոնֆերանսին ներկայացրած առաջարկներով գերմանացի և վրացի փորձագետները պետք է զեկույց մշակեն, և ուղարկեն «Ճարտարապետական շաբաթ Երևանին», որն էլ իր հերթին կներկայացնի Երևանի քաղաքապետարանին:
Ի դեպ, գերմանացի ճարտարապետ Յոհան Զիգմունդը նկատում է՝ Երևանը հրաշալի քաղաք է, շատ հետաքրքիր, բայց ամեն հարց լուծելիս՝ պետք է հասկանալ ի՞նչ են ուզում մարդիկ, որպեսզի. «Հասկանանք՝ ինչով կարող ենք մենք օգնել՝ ճարտարապետական, ճարտարագիտական մասով»։